Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 28-ին, հրապարակվեցին «Զինված խմբի» գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները:

Ըստ մեղադրական եզրակացության, զինված խմբի անդամները լուսանկարահանել եւ տեսանկարահանել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատները, նախագահի նստավայրը, Երեւանի մի շարք հրապարակներ:

Բացի այդ «Զինված խմբի» անդամները Գյումրիում են զենքերը հավաքել, որից հետո այն տեղափոխել են Երեւան:

Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը խմբի մեջ փորձել է հիմնականում ներգրավել ազատամարտիկների եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդկանց, որոնց այդ ամեն ինչի մեջ ներքաշել է որոշակի գումարային հարցեր լուծելու միջոցով:

Արթուր Վարդանյանը 2014 թվականից պարբերաբար ուղեւորություններ է իրականացրել Իսպանիայից Սիրիա, Լիբանան, Հայաստան: Նա գործով ամբաստանյալ Հայր Անտոնից մաս-մաս գումար է վերցրել Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու նպատակով, որը կազմել է 60 հազար դոլար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր: