«Առավոտ» թերթը գրում է. «Նախօրեին ամերիկացի օրենսդիրները հազվագյուտ համերաշխությամբ քվեարկեցին հօգուտ օրինագծի, որով աննախադեպ խստության պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Այս փաթեթը ծանր հարված է Մոսկվայի թե ռազմական, թե տնտեսական կարողություններին՝ այն կարողություններին, որոնց ապավինելով՝ պաշտոնական Երեւանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում՝ ճանաչելով Ռուսաստանին որպես «ռազմավարական դաշնակից»:

Փաստն այն է, ինչի մասին խոսում են նույնիսկ ռուսաստանցի փորձագետները, որ այդ երկրին մեծ փորձություններ են սպասվում, եւ ամենեւին էլ փաստ չէ, որ Հայաստանը պարտավոր է շարունակել իր «ավանդական» քաղաքականությունը եւ այդ փորձությունները հրավիրել իր վրա:

Հայաստանում արդեն իսկ հնչում են կոչեր վերագնահատելու անվտանգության, արտաքին տնտեսական քաղաքականության մոտեցումները: Որքանո՞վ է դա արդարացված, ո՞րն է Հայաստանի իրական շահն այս նոր դասավորության մեջ՝ կարող ՝ ապացուցվել միայն հրապարակային բանավեճի արդյունքում:

Համենայնդեպս, պարզ է, որ «առաջվանն» այլեւս չկա եւ չի լինելու, իսկ ինչ է լինելու սրանից հետո՝ կախված է բոլորիցս՝ բոլորի հավաքական կամքից ու ինտելեկտից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում