Սեւան քաղաքի հանգստյան գոտիներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով մահացել է Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը: Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աշոտ Հովհաննիսյանը 60-ն անց տղամարդ էր, նավեր ուներ եւ Սեւանա ափին վարձով էր տալիս:

Ըստ շրջանառվող լուրերի վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Աշոտ Հովհաննիսյանը գումար է պահանջել նավի վարձակալության համար, իսկ տվյալ երիտասարդները հարբած են եղել եւ դաժան ծեծի են ենթարկել վերջինիս: Աշոտ Հովհաննիսյանը տեղում մահացել է:

Հոր մահվան մասին տեղեկացել է նրա տղան, ով էլ վրեժխնդիր է եղել՝ կրակելով հորը ծեծողների ուղղությամբ, արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանը:

Սպանությունից հետո Աշոտ Հովհաննիսյանի տղան ներկայացել է ոստիկանության բաժին: Դեպքի առթիվ փորձեցինք Սեւանի ոստիկանության բաժնից որեւէ տեղեկություն ստանալ. «Քննություն կլինի, պարզ կլինի ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին»,- ասաց ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանը: