Իրանից Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման հարցը գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում. այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում։

Հարցին թե ինչո՞ւ հաջողություն չունեցավ դեպի Եվրոպա Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագիրը, և արդյո՞ք այս կապակցությամբ կարելի է հուսալ, որ շուտով նոր քայլեր կձեռնարկվեն, Նախագահը պատասխանել է, որ էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է:

«Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:

Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում:

Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար»,–ասել է Նախագահը: