Lragir.am-ը գրում է.

Արդեն ՀՀԿ երկրորդ պատգամավորն է խոսում Հայաստանի աղետալի ժողովրդագրական վիճակի մասին: Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ արտագաղթն ու անվտանգությունը պետության ու իշխանության գլխավոր խնդիրներն են, իսկ մնացածը դատարկ խոսակցություններ են:
Նա նշել է, որ պետք է այս երկու խնդիրները լուծելու համար ռազմավարություն մշակել Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի լույսի ներքո, որը խոստացել է Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Հայաստանի ժողովրդագրական վիճակը կրիտիկական էր անվանել եւ նշել, որ մտադիր է աշնանը խորհրդարանում աշխատանքային խմբի ստեղծման առաջարկ անել, որը կզբաղվի իրավիճակի ուսումնասիրությամբ:
ՀՀԿ-ն փաստորեն հայտարարում է ապագայի համար երկու խնդիրների՝ անվտանգության եւ ժողովրդագրության մասին: Ո՞ր մարմիններն են զբաղվելու այդ խնդիրներով եւ հնարավոր է արդյոք դրանց լուծման համար վերանայվի Հայաստանի հարաբերությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին: Ահա գլխավոր հարցերը, որոնց պետք է պատասխանի ՀՀԿ-ին:
Եթե Հայաստանը ցանկանում է պահպանվել որպես պետություն, պետք է հասնի ԵԱՏՄ ու ՀԱՊԿ պայմանների մեղմման, Արեւմուտքի հետ առավել սերտ հարաբերությունների «թույլտվության» ինչպես էներգետիկայի, այնպես էլ անվտանգության ոլորտում: Հակառակ դեպքում Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից եւ ինքնիշխան քաղաքականություն վարի:
Ի՞նչ ճանապարհ է մտադիր ընտրել ՀՀԿ-ն ապագա ռազմավարությունում եւ ո՞վ է զբաղվելու դրանով:շ2018 թվականի ապրիլին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, եւ այժմ նա փորձում է իր համար աշխատանքի ճակատ ստեղծել: «Ազգ-բանակ» ծրագիրն արդեն հայտարարվել է եւ ակնհայտ է, որ Հայաստանի ապագա կառուցվածքում անվտանգությունն առանցքային տեղ է զբաղեցնելու: Դա նշանակում է, որ որոշումները, այդ թվում՝ ֆինանսական, ընդունելու են նրանք, ովքեր պատասխանատու են անվտանգության համար: Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ լինելու է այնտեղ, որտեղ հարկ կլինի անվտանգության խնդիրներ լուծել:
Չնայած նոր սահմանադրությամբ երկրի առաջին դեմքը վարչապետն է, անվտանգության պատասխանատուն մեծ հաշվով նա չի լինելու, որովհետեւ խաղաղ ժամանակ գլխավոր հրամանատարի գործառույթը նրա վրա չէ դրված, այլ պաշտպանության նախարարի, իսկ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու է արտգործնախարար-փոխվարչապետը:
Ո՞վ է պատասխանատու լինելու անվտանգության համար: Կստեղծվի՞ նոր Անվտանգության խորհուրդ լայն լիազորություններով: Եթե այո, ապա խորհուրդը կարող է նաեւ ժողովրդագրական զարգացման ռազմավարություն մշակել: Այդ ժամանակ երկրում նոր գերմարմին կձեւավորվի, որը կլուծի «երկու գլխավոր խնդիրները»՝ անվտանգությունն ու ժողովրդագրությունը: Այս երկու խնդիրների լուծման համար աշխատելու են մյուս բոլոր ինստիտուտները, որտեղ ուղղվելու են ֆինանսական եւ այլ հոսքերը:

նյութի աղբյուրը՝ Lragir.am