Դե, գիտեք, հենց արթնանում, իսկույն ինտերնետ ենք մտնում՝ տեսնենք էսօր ով է ում սպանել։ Տեղեկատվական դաշտը այդ առումով օպերատիվ է, կասեի՝ «չերեզ չուր»։

Անցած օրը գրել էին, որ մի քանի հոգի զոհվել են, մի պահ չկենտրոնացա՝ որտե՞ղ զանգեմ, որ ճշտեմ՝ Պաշտպանության նախարարությու՞ն, թե՝ ոստիկանություն։

Այսօր առավոտյան արթնացա ու երբ նայեցի, որ սահմանից ներս զոհ չունենք, խորը շունչ քաշեցի և սկսեցի սուրճ վայելել։

Մեկ էլ՝ ա՜յ քեզ բան․․․ Կարդում եմ, որ Վայքում ոմն Համլետ Սիրականյան հրացանով կրակել ու սեփական երկու ուլին․․․ սպանել է։

Հիմա որ ասեմ՝ հարևանս երեկ առավոտ կանուխ դանակով իր երկու հավի վիզը կտրել է, կասեք՝ «գործ տվող է»․․․ Ի՞նչ, դանակը սառը զենք չի համարվու՞մ, թե՞ ես չեմ կարող օպերատիվ վիճակը ավելի սրել․․․

ՀԳ Սպանությունների տեղեկատվություն տարածողներին է սարկազմը ուղղված։ Բոլ եղավ, հերիք եղավ․․․Հանրային հնչեղություն ունեցող լուրերին անդրադառնալը հասկացանք, բայց հանրությանը սպանության, բռնաբարության, խուլիգանության ամենափոքր դեպքով անընդհատ լարված պահելը նույնպես հանցագործություն է։ Բանը հասել է այնտեղ, որ ուլ սպանելու դեպքն էլ են հանրայնացնում․․․

Մեկը գրել է, որ հիասթափվեցի, երբ կարդացի, որ հավի վիզ են կտրել։ Հումոր չընդունենք, հոգեբանական սկանդալային ողբերգության թակարդի մեջ ենք հայտնվել․․․ 

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը `Hraparak.am