2015 թվականի փետրվարին Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում մանկասայլակի մեջ գտնվող 8 ամսական երկվորյակ երեխաների մահվանը հանգեցրած վրաերթի գործով ամբաստանյալ՝ Ռազմիկ Ավետիսյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Մահացած փոքրիկների պապիկը՝ Միքայել Հարությունյանը բավարար է համարում պատժաչափը․ «Յոթ տարի էլ տան, հինգ տարի էլ մեկ ա, բան չի փոխվում։ Իր ընտանիքը, երեխեքն էլ են մեղքս գալիս։ Շատ կուզենայի, որ առհասարակ այս դեպքը չլիներ»։

Մենք գրել էինք, որ փոքրիկների մայրիկը՝ Աննան կրկին երկվորյակ է լույս աշխարհ բերել, փոքրիկ աղջիկը, սակայն, առողջական խնդիրներ ունի․ «Գլխի հատվածում թարախային կուտակումներ կան, գումարի հետ կապված խնդիրներ ունենք, մինչև վեց տարեկանը պետպատվեր պետք է լինի, բայց աղջկանիցս սիստեմաների համար գումար են պահանջում։ Հույս ունենք, որ գոնե թոշակի հարցը կլուծվի, կկարողանանք հոգ տանել նրանց մասին»։

Ըստ մեղադրանքի՝ Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց «Ֆոլքսվագեն Գոլֆ» մեքենայով ընթացող Ռազմիկ Ավետիսյանը, թույլ է տվել երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներով խախտումներ: Նա սկզբում վրաերթի է ենթարկել մայթի կողքով քայլող 83-ամյա Անահիտ Կ.-ին, ապա շարունակել է մեքենայի ընթացքը, վրաերթի է ենթարկել մայթի վրա մանկասայլակով գտնվող 31-ամյա Աննա Հ.-ին՝ 8 ամսական երկվորյակ որդիների՝ Տիգրանի ու Արմանի հետ, որոնք վրաերթի հետևանքով մահացել են;

Ռազմիկ Ավետիսյանը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, սակայն նրան վարորդական իրավունքից զրկել են միայն 3 տարի ժամկետով։