Երեկ «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը նամակ էր հղել՝ դիմելով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին եւ նշելով, որ նա խախտել է ոչ միայն մարդկային նորմերը, այլ նաեւ աստվածային կանոնները․ «Վիտո՛, մարդկային նորմերը խախտելուց զատ, դու խախտեցիր նաև Աստվածային կանոնները: Լավ իմացի՛ր, քո քիրվաների «տուն-տեղը» Քուրի ձախ ափին է: Իսկ մեր տղաները հենց ձեր քիրվայական խաղերի զոհը դարձան (ինքդ խոստովանեցիր)»։

Մենք փորձեցինք նամակի, «Սասնա ծռերի» դատավարության, 2016թ ՊՊԾ գունդը գրաված «Ծռերին» տված խոստման մասին զրուցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ պատասխանել հարցերին՝ նշելով, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում․ «Նախ ես չգիտեմ ինչի մասին ա խոսքը, երկրորդն էլ՝ եկեք կաբինետներում չնստենք, իրար զանգենք, տենանք՝ ով, ինչ ա պարզաբանում։ Կաբինետներից ինտերվյու մի արեք։ Ղալաթ ա արել Պավլիկը, որ նամակ ա գրել»։

Հարցին՝ հետեւո՞ւմ է արդյոք «Սասնա ծռերի» դատավարությանը, Բալասանյանն ասաց, որ չգիտի՝ ով, ինչով է զբաղվում, ինքը գյուղում ապրում, այնտեղ էլ աշխատում է։

Երբ փորձեցինք նորից պնդել մեր հարցերը, Բալասանյանն ասաց․ «Էլի եմ ասում՝ ինձ հարցեր մի տուր, կգաս Ղարաբաղ, ինչ պետք ա, տեղում կհարցնես»։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը` պատանդ պահելով այնտեղ գտնվողներին, Հայաստանում քաոս սկսվեց: Իրավիճակն այնքան անկառավարելի էր, Արցախի հերոս, Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը ստանձնեց միջնորդի դերը։ Նա խմբի անդամներին խոստացել էր զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ հանդիսանալ նրանց պատիժը մեղմացնելու համար: Սակայն նրանց մասով գործի քննությունը ավարտվել է, մեղմ պատիժներ ակնկալելու մասին խոսք անգամ չի կարող լինել, այժմ էլ ընթանում է դատավարություն, որին փաստորեն Բալասանյանը չի հետեւում: Ավելին՝ իր վերջին հարցազրույցներից մեկում Բալասանյանը «Սասնա  ծռերի» արարքը որակել է որպես ահաբեկչություն. «Չի կարելի հերոսացնել նրանց, ամոթ է: «Սասնա ծռերի» խմբի անդամների կատարածը շատ վտանգավոր արարք էր»,- ասել է Բալասանյանը:

Նյութի աղբյուրը ` Hraparak.am