«Փորձել եմ զգալ այն, ինչ զգացել է Արտյոմս մահանալիս». մայրը որդու մահվան համար արդար դատաստան է պահանջում

Շուտով կլրանա 3 տարին, ինչ մանկավարժ կնոջ կյանքը գլխիվայր շրջվել է: Ռուզաննա Ադանալյանը որդու՝ 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանությունից հետո հանգիստ չի նստել: Կնոջ պայքարը իրավական դաշտում շարունակվում է: Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցել այս գործով թվով 45-րդ դատական նիստը: Նիստը սկսվելուն պես հետաձգվել է տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպանների չներկայանալու պատճառով: Տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանը միջնորդություն է ներկայացրել իր փաստաբաններից՝ Վարդուհի Էլբակյանից եւ Կարեն Հովհաննիսյանից հրաժարվելու: Կնոջ խոսքերով՝ դա իր իրավունքն է. «Ես իրավունք ունեմ ընտրելու իմ փաստաբաններին: Ես ներկայանում եմ նիստին, իսկ փաստաբանները չկան, չեն ներկայացել առանց ինձ զգուշացնելու: Այս միջնորդության հետ կապված դատախազը չի առարկել, սակայն առարկել է մեղադրյալ Արթուր Սարգսյանի պաշտպանը՝ նշելով, թե մեղադրվող կա, սահմանված ժամկետ կա եւ այլն»,-ասաց Ռուզաննա Ադանալյանը:

Մինչդեռ Ռուզաննա Ադանալյանը նկատում է, որ ի տարբերություն իրեն, մեղադրյալի փաստաբան Արամայիս Հայրապետյանը, ընդհանրապես իրավունք չունի գործով զբաղվելու եւ նիստերին մասնակցելու,քանի որ անօրինական կերպով մասնակցել է նախաքննության փուլին, ինչը ցույց է տալիս, որ փոխկապակցված գործողություններ եւ համագործակցություն է եղել նրա ու իրավապահների միջև: Ռուզաննա Ադանալյանի այս միջնորդությունը դատավոր Աշոտ Մանուկյանն անգամ հաշվի չի առել:

Ռուզաննա Ադանալյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի հետ փորձեցինք կապ հաստատել և մենք, պարզելու՝ ինչն էր նիստին չներկայանալու պատճառը, բայց նա մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, ինչպես չպատասխանեց դատարանի զանգերին:«Ինձ համար կարևոր չէ, որ որդուս սպանության համար մեկը դատվի, ինձ համար կարևոր է արդար դատավճիռը: Այսօր մեղադրյալի աթոռին մեկն է, բայց իմ որդու սպանությունը խմբակային է արվել: Դեպքին մասնակից են եղել մոտ 10 հոգի: Մինչև այսօր պայքարում եմ, որ հայտնաբերեն նրանցից մեկին՝ Հովհաննես Թոփչյանին, ով դեպքից անմիջապես հետո փախել էր: Սխալ անձնագրային տվյալներով հետախուզում իրականացրեցին եւ տվյալ անձին չգտան: Որոշ ժամանակ անց նա նույնիսկ եկել էր Հայաստան, տեղյակ եմ, որ անգամ երեխա է ունեցել»,- hraparak.am-ին պատմեց տիկին Ռուզաննան: Որդու մահվան առեղծվածը հանգիստ չի տալիս մորը: «Ես փորձել եմ զգալ ամեն մի պահը, ինչ է զգացել Արտյոմս մահանալիս, ինչպես են դանակը սիրտը խրել, ինչ է նա այդ պահին ապրել…»,-ասաց որդեկորույս մայրը:

Այս ընթացքում Ռուզաննա Ադանալյանը իրավունք եւ բժշկություն է ուսումնասիրել ու հայտնաբերել այնպիսի լուրջ խախտումներ, որոնք խոչընդոտ են արդար դատաքննությանն ու դատավարությանը: Մինչ օրս պարզված չէ սպանության մոտիվը, հայտնաբերված չէ սպանության գործիքը, դատաբժիշկը վրիպել է, դատաբժշկական եզրակացությամբ չի տրվել պատասխան, թե հարվածները միևնույն գործիքով են հասցվել: Եզրակացությանը կից չկան դիակի լուսանկարները եւ խմբակային սպանությունը բացահայտ կոծկվել է: Դատարանում դատաբժիշկ Մ. Մելիքյանը հակասական ցուցմունքներ է տվել: Ռուզաննա Ադանալյանը hraparak.am-ին տրամադրեց գործով առկա փաստաթղթերի պատճեններ, որոնցից մեկում բժիշկ Մ. Մելիքյանն այս դեպքի պատճառով անգամ կարգապահական տույժի է ենթարկվել: «Իմ միակ պահանջը արդար դատավճիռն է , Ես սպանված Արտյոմի փոխարեն եմ»,- ասաց սպանված երիտասարդի մայրը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2014թ. աշնանը՝ Գյումրի քաղաքի տնակներից մեկում՝ հավաքույթի ժամանակ:Թե ինչ հարց են քննարկել ներկաները, այնքան էլ պարզ չէ, սակայն այն ողբերգական ավարտ է ունեցել եւ ներկաների մեջ է եղել սպանված երիտասարդի հայրը՝ Ավետիք Ադանալյանը: Տարօրինակ է, որ հայրը ոչ միայն չի կանխել վերահաս աղետը, այլև որդուն՝ Արտյոմ Ադանալյանին ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերել: Մայրը նշում է, որ վիրավոր որդուն եթե ժամանակին հասցնեին հիվանդանոց, գուցե փրկվեր: Տնակը Գյումրի բժշկական կենտրոնին բավականին մոտ էր: Ի դեպ, դեպքից հետո Գյումրու Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի այդ տնակը քանդել են: Տիկին Ռուզաննայի խոսքերով՝ դա հանցանշանները թաքցնելու քայլերից մեկն էր: