News.am-ին տված հարցազրույցում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշում է, որ այս օրերին Սևանում աշխատանքները շատ են, կապված տարվա եղանակի հետ, ուժեղ հսկողություն կա: Պողոսյանն այս հանգամանքը մեջբերում է ի պատասխան Սևանում մի քանի ժամվա մեջ տեղի ունեցած երկու սպանությունների հարցին, հավելելով, որ նաև իրենց աշխատակիցների մասնագիտական որակներն են ստուգում: Պողոսյանը փարատում է այն մտայնությունը, որ միգուցե ոստիկանները չեն հասցրել, լավ չեն կատարել իրենց աշխատանքը: Պատահական չէ, որ լրագրողի կողմից ևս նրան տրվում է այդ հարցը ՝ հանցագործությունների բացահայտումներում թերացումը համեմատելով օրինակ հանրահավաքներին ոստիկանության գերպարտաճանաչ ներկայության և թվի հետ:

Ոստիկանությունը վերջին շրջանում դարձել է իշխանության քավության նոխազը: Ինքնին լինելով բավականին փակ և կոռումպացված լինելու ավանդույթներով կառույց, միայն ոստիկանությունը չէ, որ պատասխանատու է իշխանության քայլերի համար: Բայց սիմվոլիկ իմաստով քաղաքացին փողոցում, դեպքի վայրում առաջին հերթին որպես իշխանության ներկայացուցիչ ամենահաճախը տեսնում է հենց ոստիկանության համազգեստով անձանց: Ինչը, բնականաբար մեծացնում է ոստիկանության հանդեպ թիրախավորումը, մանավանդ վերջին շրջանում իշխանության հանդեպ դգոհությունների ֆոնին: Ինչքան իշխանության հանդեպ դժգոհություններն աճեն, այդքան ոստիկանությունն ավելի է թիրախավորվելու:

Նաև սա հաշվի առնելով է, որ օրեր առաջ ոստիկանապետ Վովա Գասպարյանը կոչ էր անում ոստիկաններին զբաղվել իրենց չառնչվող ՝ քաղաքացիների սոցիալական խնդիրներով, նշելով, որ վերջում մեղքը բարդվում է իրենց վրա: Հայաստանում ստեղծվել է մի քաղաքական իրավիճակ, երբ ոստիկանությունն ավելի շատ քաղաքական, քան իրավապահ գործառույթներ է իրականացնում: Ոստիկանության հիմնական ֆունկցիան և մասնագիտացումն է դարձել հանրահավաքներ ցրելը, ցուցարարներ ձերբակալելը և սա բնականաբար լավ օրից չէ այդպես: Այս ամենն ունի նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ:
Բայց այն գինը, որ ոստիկանությունը վճարում է իշխանության դեմքը պահելու համար, շատ թանկ է ՝ հենց ոստիկանության համար: Լինելով քաղաքացու հետ շփման մեջ ամենահաճախ հանդիպող իշխանության ներկայացուցիչը, բողոքի ու դժգոհության զսպողը, ոստիկանների վրա է թափվում հասարակության մաղձը: Իրավապահ ամենամեծ կառույցը, որի վրա այդքան գումարներ են ծախսվում, փաստացի հայտնվել է երկու քարի արանքում ՝ իշխանության և հասարակության միջև, երբ երկուսն էլ ոստիկանների վրա քաղաքական պատասխանատվություն են բարդում: