Մի փոքրիկ դիտարկում, որը վերջին շրջանում՝ կապված ընտանեական  բռնությունների հետ, ընդհանրացրել եմ․

Որ կինն է ամուսնուն սպանում, աշխարհով մեկ «այազ- բայազ ենք անում», ասում՝ ո՞նց կլինի․․․ առնվազն մի ամիս «թեման ծեծում ենք», իսկ որ ամուսինն է կնոջը սպանում՝ շատ շուտ «սսկվում ենք»։

Ինչի՞ց է դա։ Ասելիք չկա՞։

Ասելիք կա և՛ հոգեբանների, և հանրության, և՛․․․ կողմից

Այն ինչ փաստ է, դժվար է հակառակվել։ Երբ տղամարդը կնոջը ծեծելով սպանում է, որպես փաստ է արձանագրվում, իսկ երբ կինն է․․․ մի ողջ շաբաթ լրատվամիջոցներն ու բորբոքված զանգվածը «տափին տալիս, զուռնին փչում են»։

Մի տեսակ վարժվել ենք, երբ փաստային լեզվով է խոսվում ամուսնու կողմից կնոջը բռնության ենթարկելու, սպանելու գործողությանը, որը շատ հաճախ է լինում։

Սա ես չեմ ասում, որ հակառակ կողմից կատարվող սպանությանն էլ վարժվենք, որը հազարից մեկ է լինում, երկու դեպքում էլ հանցագործությունը մնում է հանցագործություն։

Այնուամենայնիվ հարցական է՝ թույլ սեռի կողմից կատարվող սպանությունը, որը միշտ ընդվզման է նմանվում, ինչու՞ ենք «թեժ գիծ սարքում», իսկ երբ ամուսինը ծեծելով, բռնություն գործադրելով սպանում է անգամ իր հղի կնոջը, մարդկանց արձագանքն այլ է լինում։

Ինչ որ տեղ ակամայից տուրք չե՞նք տալիս բռնի ուժի գերազանցությանը, բիրտ ուժի առավելությանը․․․ Մտածում եմ, որ ստվերային ձևով չե՞նք հովանավորում տղամարդու դավաճանությունը, բռնությունը, կնոջը խոշտանգելուն, ոչնչացնելուն․․․

Սա ընդամենը մտորում է, կարող եք հակառակը պնդել․․․

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am