Էրեբունու առևտրային կետերից մեկում 25 հազարի փոխարեն գանձապահը գնորդին սխալմամբ վերադարձրել է 475 հազար դրամ` 50 հազարանոցը շփոթելով 500․ 000-ի հետ։ Դա մի կերպ տեղավորեցինք մեր գլխում, որովհետև մեզ հրամցվում է խանութի անվտանգության և դրամարկրղի հսկիչ տեսախցիկների տեսագրությունը։ Գնորդը պարզ երևում է։

Այստեղ արժեքային համակարգի, մարդկային որակական հատկանիշների հետ կապված խնդիր է։ Գնորդին կպատժե՞ն։

Նա չի գողացել։ Մտածել է․ որ այդ փողը «իր ղսմաթն է»։

Եվ թող գնորդին քննադատողների բանակը չմեծանա, որովհետև ումից լսում եմ դեպքը, ասում է՝ բա՜խտ եմ ասել է՜․․․

Այսինքն շատերը չէին վերադարձնի այդ փողը։ Առավել ևս, երբ գիտենք, որ մարդիկ ինչքա՜ն են «ցավում» մեծ առևտրային համակարգի տերերի օբյեկտների համար։

Հիմա կասեք՝ գանձապահն է տուժելու և այլն․․․ և այլն․․․ Չէ, տերերի նկատմամբ ատելությունը այնքան խորն է, որ բանը գանձապահին չի հասնի, կմտածի՝ այդ թալանչինե՜րը, խաբեբանե՜րը, մեր կաշին պլոկողնե՜րը․․․ Չասեմ, որ շատ մարդիկ օրվա չոր հացին կարոտ են։ 

Մի բան չեմ հասկանում․ ինչու՞ է ոստիկանությունը հեռախոսահամար տրամադրում, որ գնորդին ճանաչողները զանգեն ու ասեն։

Դեպքը զուտ բարոյական հարթության մեջ է։ Լրատվամիջոցների աղմուկի, հանրության թեժ արձագանքների պայմաններում հազիվ թե այդ կինը գա ու ասի, որ ես նա եմ, ում փնտրում եք։ Չի գա, որովհետև գիտի, որ հիմա բոլորը «նետ ու աղեղները սրած» սպասում են իրեն, որ ողջ օնլայն ցանցով «ճանաչելի դարձնեն»։

Այլ բան է՝ ոչ թե ապահովվեր այդ կնոջը ճանաչողի ինքնության գաղտնիությունը, այլ հենց այդ կնոջ ինքնության գաղտնիությունը։ Չհրապարակվեր տեսանյութը, պարզապես ասվեր,որ կա տեսանյութը և խնդրվում է գնորդին ետ վերադարձնի դրամը, որի համար շնորհակալ կլինի առևտրային կետը։ Կապահովվի նրա անձի գաղտնիությունը։

Հիմա գնորդը ևս հոգեբանական տրավմայի մեջ է, մտածում է, որ ոստիկանությունը իրեն կպատժի։ Բնականաբար ընտանիք, երեխաներ, հարազատներ, մտերիմ շրջապատ ունի և նման պարագայում, նորից եմ կրկնում, չի գա և ասի՝ ես նա եմ, ում փնտրում եք․․․

Չի գա, բայց ավելի կխորացնի իր վիճակը։ Գուցե ճանաչողներից մեկը նրան հանձնի ոստիկանության ձեռքը, ճանաչելի դարձնի․․․ Նման դեպքում գնորդի հոգեբանական վիճակը սարսափելի կլինի․․․

Հարցը կարելի էր հարթել ավելի նուրբ, ինչպես նշել էի։ Դրանից ոչ մեկը ոչ նյութապես, ոչ հոգեբանորեն չէր տուժի:

 Նյութի աղբյուրը՝ Hraparak.am