Արմավիրի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակային նկատողություն է արել Արմավիրի քաղաքապետին: Ընդհանրապես, Կարեն Կարապետյանը սիրում է նկատողություններ անել, հատկապես, երբ տարածքում տեսախցիկներ կան: Նկատողություններից բացի Կարեն Կարապետյանը շատ է սիրում նաև հանձնարարականներ տալ և մուննաթ գալ ներդրումներից գլուխ չհանող մարզպետների վրա:
Հանրության մի հատվածի մոտ այս ամենը ստեղծում է լավ տղա-վատ տղա հակադրության պատկեր: Փրկիչ և սպիտակ «վառատնիկով» վարչապետն ընդդեմ փորով և քյարթու տեղական չինովնիկների: Իսկապես շատ հուզիչ պատկեր առաջադեմ հայերից շատերի համար: Բայց վարչապետի մուննաթների, հանձնարարականների ու մեղադրանքների հետևում այլ բան է թաքնված: Ամեն դեպքում թաքնված չէ ոչ գործ անելու, ոչ ներդրում բերելու խնդիր: Ընդհակառակը:

Վարչապետը ձախողել է իր կառավարման տնտեսական բաղադրիչը: Այդ բաղադրիչը շատ պարզ շարադրանք ուներ ՝ ներդրումներ բերել այնտեղից, որտեղից եկել է վարչապետը, այսինքն ՝ Ռուսաստանի բիզնես և մերձիշխանական կորպորատիվ շրջանակներից: Բայց այդ ներդրումները չկան: Արդյունք չի տվել նաև օպտիմալացումը, ընդհակառակը մեծացրել է գործազուրկների թիվը: Օպտիմալացումն ու կառավարության գործունեության թափանցիկեցումը, որն արտահայտվում 6-20 թվերի միջակայքում խորհրդականներ ու օգնականներ ունենալու ու նրանց թեժ գծով զանգերին պատասխանող նշանակելու տեսքով, ընդամենը ստեղծում է կարճաժամկետ իմիտիացիա, ոչ ավելին:

Վարչապետն այս ամենի մասին շատ լավ գիտի: Գիտի նաև, որ մոտենում է 2018 թվականը և իր քաղաքական ապագան անորոշ է: Ու դրա համար էլ որոշում է, թե տնտեսական ձախողումը, թե քաղաքական անորոշությունը բարդել ուրիշների, այս դեպքում տեղական իշխանությունների վրա: Արմավիրի քաղաքապետը, որն ի տարբերություն Կարեն Կարապետյանի ընտրված պաշտոնյա է, չի հասկանալու վարչապետի նկատողության իմաստը, որովհետև չգիտի վարչապետը մնալու է, թե ոչ: Նա գիտի, որ մնացողը Սերժ Սարգսյանն է: Կարեն Կարապետյանի նկատողությանն ի պատասխան նա լռում է, որովհետև չի ուզում բարդացնել իր կյանքը, բայց եթե նմանատիպ նկատողություն ստանար Սերժ Սարգսյանից, գուցե լքեր երկիրը:
Մուննաթների, զախոդների, նկատողությունների տակ իրական ուժ չկա թաքնված: Կա քաղաքական անորոշություն և տնտեսական ձախողում:

Արտակ Ասլանյան