Օրերս իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Ռուզաննային, ով մեղադրվում է ամուսնու՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ: Զարուհին մեզ պատմեց, որ Ռուզաննան ծանր հոգեկան վիճակում էր, ինքն աշխատել է դեպքի մանրամասներից հարցեր չտալ, ի վերջո՝ իր այնտեղ այցը կապված է եղել ծանոթանալու կնոջ պահման պայմաններին եւ առողջական վիճակին. «Նա դեպքի մասին ինչ-որ բան էլ չի հիշում, ես նաեւ նրան հարցեր չտվեցի, որովհետեւ չէի ուզում նրա վիճակը ավելի բարդանար, առանց այն էլ օրը մի քանի անգամ նրան այդ հարցերը տրվում են։ Երրորդ կարգի հաշմանդամ է՝ տարբեր տիպի մարմնական վնասվածքներով: Նրա մազերը փունջ-փունջ պոկած են, 15 տարի նա կեղծամով է ման եկել։ Նրա վրա կապտուկներ կան, որոնք ծեծի հետեւանք են»։

Մեզ հասած տեղեկություններով՝ Ռուզաննան տառապում է քաղցկեղով, սակայն Զարուհի Հովհաննիսյանը փոխանցեց, որ նրա բժշկական թղթերում այդ հիվանդության մասին ոչինչ գրված չկա։

«Հրապարակին» Սարդարապատի բնակիչներից մեկը հայտնեց, որ նրանց տղան՝ 23-ամյա Նորիկ Սիմոնյանը գյուղում է․ «Հա, գյուղում ա, դե իրան բաց են թողել։ Ասում են՝ մորն էլ են բաց թողնելու, տենանք։ Ես իրենց ընտանիքին տենց լավ չեն ճանաչում, դե սա շատ մեծ գյուղ ա, բայց էս դեպքից հետո մարդիկ տենց են խոսում»։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները եւս չեն բացառում կնոջ հնարավոր ազատ արձակումը՝ նշելով, որ եթե ապացուցվի, որ նա հանցանքը կատարել է աֆեկտի ազդեցությամբ, ապա խափանման միջոցը կփոխվի:

Մենք ավելի վաղ գրել էինք, որ գործող armavir.am կայքը պատկանել է հանգուցյալին, սակայն այն գրանցել է որդու անունով, քանի որ ինքը պաշտոնատար անձ լինելով չէր կարող բիզնեսով զբաղվել։ Մանուկ Սիմոնյանի սպանությունից հետո իրեն պատկանող կայքը չէր գործում, այսօր այն վերսկսել է իր աշխատանքները:

Արմավիրի մարզպետարանից էլ մեզ տեղեկացրին, որ Մանուկ Սիմոնյանին այս պահին փոխարինող չկա, իսկ թե՝ ապագայում կլինի՞, չկարողացան պատասխանել։

Հիշեցնենք, որ  հուլիսի 25-ին Արմավիրում սպանված էին գտել մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Սիմոնյանի մարմինը կապկպված վիճակում հայտնաբերվել է Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում։ Արմավիրի մարզպետի խորհրդականը մոտ 2 օր կորած էր համարվում:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=153187&l=am/