Արմավիրի մարզպետի նախկին խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքը շարունակվում է քննարկվել, վարկածների, կարծիքների պակաս չկա։ Կրքերն ավելի բորբոքվեցին, երբ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը այցելեց «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող սպանված Մանուկ Սիմոնյանի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, որը ամուսնուն կացնահարելով սպանելու մեջ է մեղադրվում։ Բանն այն է, որ Զարուհին իրենց հանդիպումից մանրամասները ներկայացրեց լրատվամիջոցներին՝ նշելով, որ կինը տարիներ շարունակ ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից, խոշտանգվել։ Այսօր էլ նա, զրուցելով լրատվամիջոցների հետ, նշել էր, որ Մանուկ Սիմոնյանի հայրը դարձել է իր կնոջ մահվան պատճառը՝ նրան ենթարկելով բռնության․ «Մանուկ Սիմոնյանն ինքը, որպես երեխա, եղել է ընտանեկան բռնության զոհ և այդ բռնությունը նաև վերարտադրել է իր ընտանիքում»։

Իրավապաշտպանի խոսքով՝ այն, որ Մանուկ Սիմոնյանի մոր մահը եղել է հոր կողմից բռնության հետևանքով, դա վկայել է Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը․ «Բռնությունը շղթայական փոխանցման բնույթ ունի: Այսինքն, բռնության զոհը կարող է վերարտադրել այդ բռնությունը, եթե նրան չաջակցեն, չբուժեն»։

Ընտանիքը ապրել է Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում, գյուղապետ Բաբկեն Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սարդարապատցիները այդ դեպքը ուզում են մոռանալ, սակայն լրագրողները կրկին հիշեցնում են․ «Սարդարապատցիներս դա վատ երազի նման ուզում ենք մոռանալ, մեզ համար դա ցավոտ ա։ Ու բոլորը՝ մեծից մինչեւ փոքր, ով հասկանում ա, նաեւ ես, ուզում ենք խուսափենք ու մեր ունեցած ինֆորմացիաները՝ ճիշտ, թե սխալ չասենք, որ քննությանը չհակասեն։ Մեր համայնքը ունի 6200 բնակիչ եւ ես չեմ տիրապետում մեր բնակիչների առողջական խնդիրներին, ասեկոսներ կան, բայց դրանք որքանով են ճշմարիտ՝ ես չեմ կարող ասել»։

Բաբկեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանաչել է Սիմոնյանի ծնողներին, վերջին 20 տարում նրա հայրը եղել է իրենց գյուղի կոլտնտեսության նախագահը, իսկ ինչ վերաբերում է հայտարարությանը, թե Սիմոնյանի հայրը բռնության է գործադրել կնոջ նկատմամբ եւ նրա մահը եղել է դրա հետեւանքով, հերքեց․ «Մայրը թաղված է եղել մեր գերեզմանը։ Ես ինչքան գիտեմ, նորմալ ընտանիք են եղել, 2 անգամ գնացել եմ իրենց տուն, իմ վրա նորմալ ընտանիքի տպավորություն է թողել»։

Հարցին՝ նշվում է, որ Մանուկ Սիմոնյանը մշտապես ծեծի է ենթարկել կնոջը, ինքը խնդրից տեղյակ եղե՞լ է, ի վերջո շատ գյուղերում նման դեպքերում դիմում են գյուղապետին, Բաբկեն Վարդանյանն ասաց․ «Ասեմ քեզ հետեւյալ ձեւով՝ կին ծեծելը լավ բան չի, բայց մեկ-մեկ պետք ա, առակն ասում ա՝ կնոջը գիշերով քնից հանես, ծեծես, էլի մեղավոր կլինի։ Հիմա ես փորձեմ ուրիշ ձեւ պատասխանեմ՝ ես չեմ ընդունում դա, կամ երեւի գաղտնի են պահել դա, ազգականներն էլ չեն իմացել այդ մասին, գաղտնի են պահել, երեւի, եւ կնոջն ա ձեռ տվել վիճակը իրենց ընտանիքում տեղի ունեցող, եւ Մանուկին, հարմարվել, ապրել են։ Ինչ-որ նպատակ ունեցել են իրենց կեղտոտ լվացքը չհանեն դուրս, փռեն, որ տղա ունեն։ Ինչ իմանամ, իրենց տնտեսավարման եղանակն ա տենց»։

Գյուղապետը նաեւ նշեց, որ Մանուկ Սիմոնյանի դին փակ դագաղով է եղել, նրա դեմքը չեն տեսել։

Հիշեցնենք, որ  հուլիսի 25-ին Արմավիրում սպանված էին գտել մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Սիմոնյանի մարմինը կապկպված վիճակում հայտնաբերվել է Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում։ Արմավիրի մարզպետի խորհրդականը մոտ 2 օր կորած էր համարվում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տուժողի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ կնոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Որոշում է կայացվել նաև տուժողի որդուն արգելանքից ազատելու մասին։

Նյութի աղբյուրը ` hraparak.am