Hraparak.am-ը շարունակում է հետևել Գյումրի քաղաքում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով ընթացող դատական պրոցեսին: Ինչպես արդեն անդրադարձել էինք, սպանված երիտասարդի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, շուրջ 3 տարի պայքարում է, որպեսզի որդու մահվան համար արդար դատավճիռ կայացվի, սակայն իրավիճակը գնալով բարդանում է: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդ Ռուզան Ադանալյանը միջնորդություն ներկայացրեց՝ հրաժարվելով իր փաստաբաններից:

Ծանոթանալով Ռուզան Ադանալյանի որդու սպանության պատմությանը՝ Հելսինկյան Ասոցիացիան հանձն է առել զբաղվել այս գործով՝ պաշտպանելով տուժողի իրավահաջորդի շահերը:

«Ես այնպիսի տղա եմ կորցրել, որի հետ երբեք նման բան չէր կարող պատահել: Ես բազմիցս ներկայացրել եմ այն բոլոր բացթողումները, որոնք առկա են իրավական դաշտում: Սկսած սխալ դատաբժշկական եզրակացությունից, դատավորի կողմնակալ պահվածքից, մինչև այսօր ընթացող անարդար դատական նիստերն ու իմ հասցեին հնչած սպառնալիքները: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե դատական նիստերը ոչ թե դատավորն է վարում, այլ պաշտպանական կողմը: Ես հայտարարում եմ, որ անվստահելի է ամբողջ Շիրակի մարզի դատախազությունը»,-այսօր «Նոյյան Տապան»-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց սպանված երիտասարդի մայրը՝ ցանկություն հայտնելով որդու սպանության գործը Շիրակի մարզից տեղափոխել Երևան: Նրա շահերի պաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցը դատական գործը մայրաքաղաք տեղափոխելու հավանականությունը շատ քիչ համարեց՝ նշելով, որ անգամ զինծառայողների սպանության դեպքերում նման միջնորդությունները չեն բավարարվել: Սակայն փաստաբանի խոսքերով՝ որտեղ էլ ընթանա դատը, իրենք պայքարելու են իրավական դաշտում արդարության հասնելու համար: Փաստաբանը նշում է, որ դատական նիստին մասնակցություն է ունեցել նաև իրենց դիտորդը, որը նույնպես խախտումներ է արձանագրել: «Չգիտեմ անձնական շահն է, թե կոռուպցիոն ռիսկ կա, բայց այդքան շատ խախտում մի գործի մեջ, իսկապես անհասկանալի է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ գործը բացահայտենք, հասկանանք` ինչ է կատարվում»,-ասաց Նինա Կարապետյանց:

Hraparak.am-ը Ռուզան Ադանալյանից հետաքրքրվեց, թե որքանով է վտանգված նրա կյանքը եւ ինչ սպառնալիքների մասին է խոսքը: «Ինձ սպառնում են ամբաստանյալի ընտանիքի անդամները, նույնիսկ դատական նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանի եղբայրը հարձակվեց վրաս, հարվածեց, ես անգամ հաղորդում ներկայացրեցի այդ մասին, բայց գործը կասեցվեց: Դրանից հետո Գյումրիում՝ դրսում կրկին նման դեպք կրկնվեց, եղբայրը հարձակվեց վրաս՝ հայհոյանքներ տալով: Այդ անգամ ևս գործ հարուցեցին ու նորից կարճեցին»,-ասաց տիկին Ռուզանը: Բայց ինչպես պարզվում է , սպանված Արտյոմ Ադանալյանի հայրը՝ Ավետիք Ադանալյանը, նույնպես սպառնում է կնոջը: «Ինձ ասում է՝ քեզ ճզմելու եմ Երևան-Գյումրի ճանապարհի վրա:

Վերջին դատական նիստին ես նրան նկատեցի դատարանի բակում՝ ծառի տակ, զանգեցի ոստիկանություն, միայն 20 րոպե հետո ոստիկանությունը ժամանեց եւ միակ բանը, որ արեցին, ինձ իրենց մեքենայով անվնաս ոստիկանություն հասցնելը եղավ, այլ մանրամասներ, նրանց կարծես թե չհետաքրքրեց: Ես հիմա լուրջ կասկածներ ունեմ, որ արդեն նախկին ամուսինս նույնպես իրենց մարդն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2014թ. աշնանը, Գյումրի քաղաքի տնակներից մեկում, հավաքույթի ժամանակ:Թե ինչ հարց են քննարկել ներկաները, այնքան էլ պարզ չէ, սակայն այն ողբերգական ավարտ է ունեցել. սպանվել է 25-ամյա Արտյոմ Ադանալյանը: Ներկաների մեջ է եղել սպանված երիտասարդի հայրը՝ Ավետիք Ադանալյանը: Տարօրինակ է, որ հայրը ոչ միայն չի կանխել վերահաս աղետը, այլև որդուն՝ Արտյոմ Ադանալյանին ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերել: Մայրը նշում է, որ վիրավոր որդուն եթե ժամանակին հասցնեին հիվանդանոց, գուցե փրկվեր: Տնակը Գյումրի բժշկական կենտրոնին բավականին մոտ էր: Ի դեպ, դեպքից հետո Գյումրու Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի այդ տնակը քանդել են: Տիկին Ռուզաննայի խոսքերով՝ դա հանցանշանները թաքցնելու քայլերից մեկն էր:
Այս գործում առկա բացթողումները շատ են: Մինչ օրս պարզված չէ սպանության մոտիվը, հայտնաբերված չէ սպանության գործիքը, դատաբժիշկը վրիպել է, դատաբժշկական եզրակացությամբ չի տրվել պատասխան, թե հարվածները միևնույն գործիքով են հասցվել: Եզրակացությանը կից չկան դիակի լուսանկարները: Դատարանում դատաբժիշկ Մ. Մելիքյանը հակասական ցուցմունքներ է տվել: Այս դեպքի պատճառով անգամ կարգապահական տույժի է ենթարկվել: Ինչպես նաև սպանված երիտասարդի մայրը պնդում է, որ տեղի է ունեցել խմբակային հանցագործություն, իսկ ամբաստանյալի աթոռին մեկն է:

Նյութի աղբյուրը ` hraparak.am