«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորում արդեն երեք-չորս օր է՝ ահուսարսափի մթնոլորտ է տիրում: Հանրապետության երրորդ քաղաքից ահազանգում են, որ հայտնի հեղինակություն Լոլոյի Էդոյի կողմնակիցները, որոնք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի փեսան ու նրա հարազատներն են, Վանաձորը վերածել են Սիցիլիայի եւ օրերս տեղի ունեցած դեպքից հետո զինված են շրջում քաղաքում՝ փորձելով գտնել Էդոյի՝ Էդմոն Հարությունյանի վրա կրակող անձին կամ անձանց, «ռազբորկաներ» են անում հավանական կասկածյալների հետ եւ այլն:

Օգոստոսի 14-ին մի քանի լրատվամիջոց ներկայացրել էր, որ ժամը 21.00-ի սահմաններում հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի Էդմոն Հարությունյանը: Նա վնասվածք է ստացել որովայնի շրջանում: Մեկ օր անց ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ համաձայն որի հանցանք կատարած անձի ինքնությունը դեռեւս պարզ չէ: Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները եւ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Սակայն, մեր տեղեկություններով, հնչել են ոչ թե միակողմանի կրակոցներ, այլ փոխհրաձգություն է եղել, ավելին՝ նախահարձակ եղել է տուժող կողմը: Էդոյի հետ «ռազբորկաների» մեջ է եղել նաեւ Երանոսյանի փեսայի եղբայրը, այդ պատճառով էլ իրավապահ մարմինները դեպքը ներկայացնում են միակողմանի: Ավելին՝ վանաձորցիները վստահ են՝ եթե մեկ շաբաթ առաջ Լոլոյի Էդոյի մասնակցությամբ մեկ ուրիշ միջադեպ ծածկադմփոց չարվեր, ապա հաջորդը տեղի չէր ունենա:

Լոլոյի Էդոյին առնչվող նման պատմությունները բազմաթիվ են, նա եւ նրա «թայֆան» քաղաքում հայտնի են իրենց վարքուբարքով: «Բեսբրեդել», մարդկանց «վզին դնել ու ստանալ, մեքենաների առքուվաճառք եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում