Այսօր՝ օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գիրշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանք Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերտիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մինչ տեղում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ, Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկություն ստացվեց, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է, որից հետո Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարությամբ ժամանել են Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: