«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցի շինաշխատանքները սկսել են դանդաղ իրականացնել: Այս տեղեկությանը զուգահեռ, թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի իր վերջին այցի ժամանակ նշեց, որ փողոցը լուսավորությամբ, նստարանների ու ծաղկամանների կահավորմամբ սեպտեմբերից հանձնվելու է շահագործման: Այցի ժամանակ հայտարարություն եղավ, նույնիսկ Ռուսթավելի փողոցի աշխատանքներն ավարտելուն պես սկսել Շիրազի փողոցի վերանորոգումը:

Շիրազի փողոցի հապշտապ վերանորոգման հարցն էլ օրակարգային է դարձել, հավանաբար այն պատճառով, որ այդ փողոցում է գտնվում Կարապետյանի ընտանիքի կողմից ձեռք բերված հյուրանոցը, որտեղ կրկին վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում:

Ինչեւէ, անդրադառնալով Ռուսթավելի փողոցի վերանորոգման աշխատանքներին նշենք, որ այն մեկնարկեց սկանդալներով: Նախ՝ Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Գյումրու քաղաքապետը նշյալ փողոցի սալիկների քանդման աշխատանքները սկսել է առանց մշակույթի նախարարության համապատասխան որոշմամբ, ինչը հաստատվեց նախարարության կողմից:

Այնուհետեւ, բնակիչները սկսեցին ահազանգել, որ անծանոթ մարդիկ են գալիս, տեսանկարահանում են իրենց տները`դրսի կողմից, հետո հետաքրքրվում կառույցի արժեքով, ապա առաջարկում շուկայականից ցածր գներ:

«Գալիս, ասում են` մենք գնում ենք, վաճառու՞մ եք: Ուզում էին քառակուսի մետրը 100 դոլարով գնեին: Իրանք ի՞նչքան փող են տալու, որ ես կարողանամ ուրիշ տեղ տուն առնեմ: Ասում են` լավ կարգավորված, վերանորոգված տների քառակուսի մետրը 200 դոլարով կառնեն, իսկ վերանորոգման կարիք ունեցողները 100 դոլար, իսկ հողերը 50 դոլարով են ուզում առնեն: Գալիս ամեն օր դրսից տները նկարում, գնում են»,- ասում են բնակիչները:

Այս խնդրին բնակիչներն ավելացնում են, որ աշխատանքների ընթացքում իրականացվել է մայթերի իջեցում, որն ըստ նրանց, անմիջական կապ ունի իրենց առանձնատների հիմքերի խարխլման հետ:

«Այս փողոցի մայթերն իջեցնել են 30 սանտիմետրով: Մեր փողոցի տները վթարային են, չունեն բետոնյա հիմքեր: Սրանից հետո, տների հիմքերը կթուլանան, կառավարությունը ռիսկային վիճակի գնահատում չի իրականացրել: Ճարտարապետն ասում է, որ յուրաքանչյուր տան համար անհատական մոտեցում են ցուցաբերելու, բայց մեզ հետ ոչ մեկ չի խոսում, եւ ոչ մի բան չեն ասում: Ինչ այս աշխատանքները սկսել են, տներում ցնցվում են, ճաքեր են առաջացել: Հնարավոր է, երբ հերթը հասնի մայթերին, փլուզում էլ լինի»,-մեզ հետ զրույցում ասում է Ռուսթավելի փողոցի բնակչուհի Նարե Մալխասյանը:

Այս խնդրի վերաբերյալ ավելի վաղ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկացրել էր, որ մայթերի փոփոխության աշխատանքներն նախապես հաստատված են եղել հատակագծով:

«Դա հատակագծով է տրված, որ տեղ-տեղ պետք է իջեցնել, ոչ միայն 30, նաեւ 40 սանտիմետրով: Դա արվում է փողոցի ջրահեռացումը ճիշտ կազմակերպելու համար: Տների հիմքերին բան չի լինի, կակռազ դրանից հետո իրենց տների խոնավությունը կանցնի, քանի որ հիմքերը թաղված է հողի մեջ»,- ասել էր Գասպարյանը:

Ռուսթավելի փողոցի աշխատանքների դանդաղ ընթացքի տեղեկությունների վերաբերյալ փորձեցին պարզաբանում ստանալ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից: Կառույցից փոխանցեցին, որ թեմային կանդրադառնան միայն օրվա երկրորդ կեսին:

Armtimes.com-ն այսօր առավոտյան այցելեց Ռուսթավելի փողոց, որտեղ բանվորները հողի եւ խճաքարերի հարթեցման աշխատանքներ էին իրականացնում: Վերջիններիս խոսքով` աշխատանքները, հավանաբար, կավարտվեն սեպտեմբերի վերջին:

Տեղեկություններ կան, որ վարչապետ Կարապետյանը օգոստոսի 29-ին կրկին այցելելու է Գյումրի, Ռուսթավելի փողոցի աշխատանքներին ծանոթանալու: Հարկ է նշել, որ վարչապետ Կարապետյանն այս փողոցին առանձնակի է մոտենում, համենայնդեպս, այդպես է ցույց տալիս: Հետաքրքրվում է յուրաքանչյուր մանրունքով, հավանաբար փորձում է ցույց տալ, որ տուրիզմի կենտրոն՝ Գյումրին իսկապես դառնալու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում