Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ: Նախարարությունն առաջարկում է ընդունել «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենք եւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:
Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության նախագծում արդեն հստակ ձեւակերպված է չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեպքում: Armtimes.com-ը ստորեւ ներկայացնում է օրենսդրական փաթեթից առանձնացված ավելի հաճախ հանդիպող դեպքերը:
Շրջակայքում մինչեւ 2 կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով: Եթե նույն գործողությունը կատարվել է բնակելի տան պատուհանից կամ շենքից առաջացնում է 20 հազար դրամ տուգանք: Տուգանքի այս տեսակի մեջ, բնականաբար, մտնում է նաեւ ծխախոտի մնացորդ եւ այլ առարկաներով շրջակա միջավայրն աղտոտելու դեպքերը:
Եթե փոխադրամիջոցի միջից է նետվել աղբը, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե հանրային տրանսպորտից է աղբ նետվել, ապա աղբ նետողն է տուգանվում: Այս երկու դեպքերում էլ տուգանքի չափը 24 հազարական դրամ է կազմում:
Շրջակայքում մինչեւ 5 հատ անվադող նետելը (բացառությամբ հեծանիվի դողը), առաջացնում է տուգանք 30 հազար դրամի չափով, 5-ից ավելի անվադող նետելը (բացառությամբ հեծանիվի դողը)` 100 հազար դրամ տուգանք:
Մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ, կտրող եւ ծակող առարկաներով (ներառյալ ապակե ջարդոն, մեխեր կամ այլ նման առարկաներ), նետելն առաջացնում է տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:
Մինչեւ 1 խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտումն առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 100 հազար դրամի չափով: 1 խորանարդ մետրից ավելի շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված 100 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում 200 հազար դրամիչափով:
Տարածքի աղտոտումն ընտանի կամ այլ կենդանիների փոքրաչափ կենսաբանական նյութերով առաջացնում է տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը մինչեւ 1 խորանարդ մետր ծավալի կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձանց դեպքում 30 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը 1 խորանարդ մետր ծավալը գերազանցող կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ 400 հազար դրամի չափով: