Ավտովթարի հետեւանքով օգոստոսի 25-ին մահացել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանը։

Ըմբիշը եղել է 2013 թվականի Հայաստանի չեմպիոն։ 30-ամյա մարզիկը գյումրեցի էր։ Ավտովթարը տեղի է ունեցել Գյումիրիի Մուշ թաղամասում։

«Տիգրան Թորոսյանը լավ ըմբիշ էր, Հայաստանի չեմպիոն էր եղել։ Մեր հավաքականի անդամն էր։ Ինքը սովորաբար դանդաղ ավտովարող էր։ Դեպքի մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ ինչ-ինչ պատճառներով արագ է վարել եւ վթար է տեղի ունեցել։ Բոլորս շատ ցավում ենք մեր լավ ըմբիշի կորստի համար»,- ասաց Սամվել Գեւորգյանը։

Վթարը տեղի է ունեցել ժամը 9:30-ի սահմաններում։ BMW մակնիշի մեքենայի ղեկին եղել է Տիգրան Թորոսյանը, ով տեղում մահացել է: Նրան մեքենայից դուրս են բերել փրկարարները` հատուկ տեխնիկայի միջոցով: