«Հրապարակ» թերթը գրում է. «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի շտապում իրացնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարական երկրորդ շենքը: Այն, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով:

Շենքում գործող «Արարատ» ռեստորանը փակվեց, Արտաքին գործերի եւ Էներգետիկայի նախարարությունները տեղափոխվեցին, գրախանութները՝ նույնպես: Վերջինը շենքից հեռացավ «Նոյյան տապան» գրատունը: 2016-ի սեպտեմբերից շենքը, փաստորեն, դատարկ է, բայց նոր տերը չի շտապում շինարարություն սկսել:

«Տանգոն», ինչպես հայտնի է, փոքր գին չի վճարել՝ 51 մլն. դոլարից ավելի: Նույնիսկ լուրեր են շրջում, որ Էռնեկյանը հրաժարվել է հյուրանոց կառուցելու մտադրությունից:

Լուրեի իսկությունն ընկերությունից ճշտել չհաջողվեց: Տնօրենը Հայաստանում չէ: Մեզ պատասխանեց գործարարին պատկանող «Հայփոստ» եւ «Զվարթնոց» ընկերությունների մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը եւ ասաց, որ որեւէ տեղեկություն չկա, թե Էռնեկյանը հրաժարվում է շենքից. «Դա հնարավոր չէ, խոսքն ավարտված գործարքի մասին է: Եթե շինարարություն սկսվի, անպայման կհայտնենք հանրությանը»:

Ի՞նչ պայմաններ էր դրել մեր կառավարությունն ընկերության առաջ: Արդյոք պայմանագրում նշված էր իրացման վերջնաժամկետ: Պետգույքի կառավարման վարչությունից ասացին, որ չեն կարող բացահայտել բիզնես պայմանագրի մանրամասները, բայց. «Գնորդը հայտարարել է հյուրանոց կառուցելու նպատակի մասին, գույքը նա ձեռք է բերել շուկայական գնով, եւ միակ պայմանը, որը դրվել է ձեռք բերողի առաջ, արտաքին տեսքի պահպանությունն է:

«Տանգո» ընկերությունը պարտավորագիր է տվել մշակույթի նախարարությանը, որ կպահպանի շենքի արտաքին տեսքը, քանի որ այն պատմամշակութային ժառանգություն է եւ հուշարձան: Մնացածը ներդրողի գործն է: Որեւէ ժամանակացույց կամ հատուկ պարտավորություն չունի»: Ստացվում է, որ Էռնեկյանն անվերջ կարող է ձգձգել շենքի իրացումը կամ կողպել դռները եւ, ասենք, մի 20 տարով հեռանալ Հայաստանից, ու այս կառույցն աստիճանաբար կարժանանա «Սեւան» հյուրանոցի կամ ՀԱՄԽ-ի շենքի ճակատագրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում