ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հիվանդ երեւակայություն» է անվանել Վրաստանի անտառային հրդեհներին Ռուսաստանի մասնակցության մասին պնդումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ մեր հարեւանները հնարվորինս արագ մարեն կրակը: Իսկ նրանց հիվանդ երեւակայությունները մեկնաբանել, որոնց համար սեփական երկրում նույնիսկ բնության երեւույթը միայն հակառուսական նախաձեռնությունների հերթական պատրվակ է, ավելորդ ենք համարում», նշված է Զախարովայի պատասխանում:
Բորժոմիի մոտ գտնվող անտառը արդեն 6-րդ օրն է այրվում է: Սկզբում կարողացել են կրակը տեղայնացնել, սակայն ավելի ուշ նոր օջախներ են հայտնվել: Գլխավոր օջախների մարմանը մասնակցում է 1,5 հազար հրշեջ եւ փրկարար: Նրանց թվում են նաեւ հայ փրկարարները, ովքեր աչքի են ընկնում նվիրված աշխատանքով եւ արդեն արժանացել են Վրաստանի ղեկավարների, այդ թվում վարչապետի երախտագիտությանը:
Բորժոմի անտառի հրդեհը սկսվեց Հայաստանում Խոսրովի անտառում հրդեհի մարումից հետո: Խոսրովն ու Բորժոմը արգելանոցներ են, երկուսն էլ ունիկալ էկոհամակարգեր: Երկուսում էլ հրդեհը կլանել է մեծ տարածքներ, եւ երեւում է, երկու դեպքում էլ քաղաքականությունից հնարավոր չեղավ զերծ մնալ:
Վրաստանում պնդումներ կան, որ հրդեհին «մասնակցել» է Ռուսաստանը: Հայաստանում էլ հնարավոր չեղավ հրդեհի համատեքստում խուսափել ռուսական թեմայից: Մասնավորապես, ինտրիգը ծավալվեց երկու ուղղությամբ՝ վարչապետի եւ ռուսական հրդեհաշեջ հատուկ ինքնաթիռի:
Կարեն Կարապետյանը, ի տարբերություն Վրաստանի վարչապետի, ով պարբերաբար այցելում է աղետի գոտի, ոչ միայն չեղավ Խոսրովի արգելոցում, այլեւ Հայաստանում էլ չէր. Աստանայում նա ԵՏՄ վարչապետների հավաքից հետո մեկնել էր Մոսկվա՝ ծննդյան օրը նշելու, հետո Արցախ՝ արձակուրդի: Միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ հրդեհի հիմնական օջախները մարվել են, Կարեն Կարապետյանը Ֆեյսբուքում շնորհակալություն հայտնեց ՌԴ վարչապետ Մեդվեդեւին ինքնաթիռն ուղարկելու համար, ասելով նաեւ, որ մանրամասն ուսումնասիրվելու են աղետի պատճառներն ու հետեւանքները:
Ուշագրավ էր նաեւ ինտրիգն ինքնաթիռի շուրջ. Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե այն ժամանել է ուշացումով, սակայն ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ սկզբում պարզ չէին հրդեհի մասշտաբները, եւ երբ պարզվել է, որ բարդ ու անմատչելի տեղանքում հնարավոր չէ հրդեհաշիջում անել սեփական միջոցներով, դիմել են ռուսական կողմին, եւ ինքնաթիռը ժամանել է:
Մամուլում տեսակետներ էին շրջանառվում, որ ինքնաթիռի ու ընդհանրապես ռուսական կողմին դիմելու պատմությունը Հայաստանի ներիշխանական հակասությունների արտահայտությունն էր: Շատերը նույնիսկ իրավիճակը համեմատում էին ապրիլյան պատերազմի հետ, երբ հայկական կողմն ինքնուրույն լուծեց Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու հարցը եւ չդիմեց ռուսական կողմին, որը սնուցել էր ադրբեջանական ագրեսիան՝ իր զորքը խաղաղապահների անվան տակ հակամարտության գոտի մտցնելու համար:
Բայց Խոսրովի հրդեհի ժամանակ ստիպված եղան դիմել, եւ ռուսական ինքնաթիռը մարեց կրակի հիմնական օջախները:
Վրաստանը դիմել է երկրներին ու միջազգային կառույցներին օգնության խնդրանքով, սակայն Ռուսաստանին չի դիմել: Այնտեղ են հայ փրկարարները, որոնցից մեկը ծխահարվել է անտառը փրկելիս:
Զախարովայի նյարդային արձագանքը կարելի է հասկանալ, մյուս կողմից, պետք է նշել, որ սա տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության ուղիղ հետեւանքն է: Ինչ ցանում ես՝ դավադրապաշտություն, հակամարտություն եւ այլն, այն էլ հնձում ես, ասվում է հին սլավոնական իմաստության մեջ:
Շառ ու փորձանքից հեռու, ասվում է հայ-վրացական հին իմաստության մեջ:
Հրդեհներն այդ սակայն մեկ այլ խորհրդանշական իմաստ ունեն՝ հայերն ու վրացիները դեռ շատ կրակների միջով են անցնելու, մինչեւ դառնան ամուր պետություններ, եւ Հայաստանը տեր է կանգնելու իր հյուսիսային հարեւանին. Մեկը «հիվանդագին» պետական արժանապատվություն ունի, մյուսն աշխարհի ամենալավ կռվողն է:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am