Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի, դաժան սպանության գործով այսօր՝ օգոստոսի 29-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը: Ամբաստանյալներից Խաչիկ Կոսյանի եւ Արթուր Զաքարյանի շահերի պաշտպան Վաչագան Կոսյանի հարցին` արդյոք տուժողը դեպքի պահին ճանաչել է Արթուր Զաքարյանին, Էմմա Աբրահամյանը նշեց, որ միանգամից չի ճանաչել, սակայն, ավելի ուշ հիշել է, որ Խաչիկ Կոսյանի հետ հենց Արթուրն է եղել:

«Կռվում էին երեքն իմ տղայի դեմ, ճանապարհից անցնող մեքենաները սիգնալ էին տալիս ու անցնում, ես զբաղված եմ եղել իմ երեխայով եւ չեմ նկատել ինչ է կատարվել: Երկրորդ եռյակը սերվիս կար, էդտեղից եկավ ու սկսեց ծեծել իմ տղային: Ես օգնություն էի հայցում ժողովրդից` շտապօգնություն կանչեք: Ես իրենց հետ եղած էդ աղջկան խնդրում էի, որ շտապօգնություն կանչի, հետո ինչ-որ մեկին հեռախոսս տվեցի, խնդրեցի, որ զանգեն ընտանիքի անդամներին կանչեն: Երկրորդ եռյակն եկավ, ես միանգամից ճանաչեցի Խաչիկին, բայց մյուս երկուսի դեմքերը չէի հիշում: Իմ տղայի դիակը գետնին էր, իմ աչքերն արյունով էր լցված: Երեք հոգով են հարձակվել, հետո երեք հոգին էլ միացել են նրանց եւ սկսել ծեծի ենթարկել իր որդուն: Մեքենաները պետք է բախվեին, բայց իմ տղան արգելակեց, փրկեց դրանց, երանի չարգելակեր ու չփրկեր` մեռնեին դրանք երեքով: Բութ գործիքով հարվածել են տղայիս քունքին, քունքը ծակել են, մեքենայի առաջ էր ընկած, արյունը քունքից գալիս էր: Ես ամեն ինչ ասել եմ, իրենք մեղավոր են, թող իրենց մեղավոությունը ճանաչեն»,-ասաց նա:

Էմմա Աբրահամյանը նշեց, որ այնուհետեւ իր որդուն ոտքերով սկսել են հարվածել, երբ նրանց հետ եղած աղջիկն ասել է, որ մահանում է, բոլորը փախչել են. «Էդ Մանան ասում էր տաղյիս` գիտես ումես խփում, ինձ ասում էր` այ կնիկ մարդուդ քաշի տար էն կողմ, ասի` տղես ա: Առաջին հարվածողներից Արտաշեսն է եղել, ոտքերն այնքան շատ էին, որ իմ որդու ամեն տեղին էլ հարվածում էին, իմ որդին մահացավ, գնաց…Արտաշեսն էնքան ակտիվ էր, որ Արտաշեսը խփում էր տալիս էր Ալիկին, Ալիկը Արտաշեսին: Տղես եկավ հենվեց մեջքով ֆորդին, որ մեջքը պաշտպանի գոնե»:

Մյուս պաշտպանները միացան նրա միջնորդությանը:

Նշենք, որ այսօր գործով նոր դատախազ ներգրավվեց` Վաղարշակ Մկրտչյանը:

Դատարանը հայտարարեց, որ նախորդ նիստին տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 1-ին տուժող եւ պաշտպանական կողմի մջեւ միջադեպ էր տեղի ունեցել գործով տուժող 80-ամյա Էմմա Աբրահամյանի հարցաքննության ժամանակ:

Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 77–ամյա մոր աչքի առաջ։ Վեճը, ըստ նախնական տվյալի, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով: