«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 29-ին, Գյումրիում տեղի ունեցավ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու` Կամոյի շքեղ հարսանիքը, որը թերեւս, իր տեսակով եզակի էր: Այն քննարկվում է քաղաքի բուժհաստատություններում, խանութներում, երթուղայիններում, իսկ ֆեյսբուքում ակտիվ շրջանառվում են հարսանեկան լուսանկարները: Կայքերն արդեն գրել էին, որ Գրիգորյանի որդին 18 տարեկան է, նրա ընտրյալը` Ռուզաննան, նույնպես: Նրանք միասին սովորում են Շիրակի պետական համալսարանում:

Խոսվում է, որ Գրիգորյանի խնամին իր նման հարուստ չէ, հասարակ ընտանիքից է` հեռու բիզնեսներից ու քաղաքականությունից: Հարսնացուի եղբայրն էլ զբաղվում է սպորտով, վերջերս չեմպիոն է դարձել: Նշենք, որ Կամոն եւս սպորտով է զբաղվել, նա լողի է հաճախել:

Հարսանիքը տեղի է ունեցել Գյումրու «Իմպերիալ» ռեստորայանին համալիրում, որը վերջերս է կառուցվել: Գյումրու ամենաշքեղ հարսանյաց սրահն է, այն կապվում է Գյումրու Էլցանցի ՀՀԿ-ական պետի անվան հետ: Հարսանիքի քավորը եղել է Մարտուն Գրիգորյանի կրտսեր քրոջ ընտանիքը, ովքեր բնակվում են Մոսկվայում:Պսակադրությւոնն էլ տեղի է ունեցել Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Գրիգորյանի որդու հարսանիքին հյուրերի թվում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների պակաս չի եղել: Ներկաների թվում եղել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր: Մարտուն Գրիգորյանն անգամ իր ընտանեկան ուրախությունը կիսել էր իր աշխատակիցների հետ, հրավիրվածների թվում են եղել նաեւ Գրիգորյանների բիզնեսներում աշխատող անձիք:

Armtimes.com-ի տեղեկություններով ընդհանուր հյուրերի թիվը եղել է 400-ը: Հյուրերին ուրախացրել են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Հետաքրքիր է նաեւ այն, որ Գրիգորյաններն իրենց շքեղ հարսանիքը Գյումրիում են արել` բոլորի աչքի առաջ: Գյումրու այլ պաշտոնյաներ հիմնականում նախընտրում են իրենց նման հարսանիքներն անել արտերկրում, չխոսելով ընդհարապես դրա մասին,երբեմն նաեւ սպառնալիքներ են հնչեցնում «գաղտնիքը» բացահայտած լրագրողներին, իսկ Մարտուն Գրիգորյանն անգամ այս թեմայով հարցազրույցներ էր տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում