Շատ հաճախ ինձ թվում է, թե Հայաստանի իշխանություններն ավելի բախտավոր աստղի տակ չէին կարող ծնված լինել: Հենց գալիս է պատասխան տալու կամ հասարակական բողոքի լրջանալու պահը, նրանց կամքից անկախ լինում է մի իրադարձություն, որը շեղում է հանրության ուշադրությունը: Դե իսկ արդեն փորձառու վարչակազմն էլ այն հմտորեն օգտագործում է:
Խոսրովի արգելոցի ու «Նաիրիտ» գործարանի հրդեհումների հետ կապված, իրավմամբ կարող էր արդար բողոքի ալիք բարձրանալ: Խոսքն այստեղ բնավ ցույցերի կամ իշխանափոխության մասին չէ: Ընդամենը իշխանության պատասխանատվության հասարակական պահանջի: Ի վերջո մեկը պետք է բացատրություն տա, թե ի՞նչ վիճակում է այսօր ԱԻՆ-ը կամ ինչու հնարավոր եղավ պայթյուն քիմիական գործարանում: Հասկանում ենք, որ երկիրը ձերն է, բայց վառում եք որ ի՞նչ անեք, կասեր դասականը: Թերևս իշխանության մոտ Արտավազդի հառաչն է, երբ դու գնացիր և ողջ երկիրը քեզ հետ տարար, կամ կարող է լինել ավելի վատ՝ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ:
Թվում էր, թե սկսվում է քննարկում սոց. ցանցային տիրույթում և լրատվական դաշտում: Բայց եղավ այն, ինչին չէինք սպասում: Ինչ-որ մի թմրամոլ, անհասկանալի պահանջով գերի է վերցնում մեկ այլ թմրամոլուհու, իսկ իշխանությունը դա լայնորեն լուսաբանում է: Ավելին, ուղիղ ռեպորտաժ է հրապարակում, թե ինչպես են սպանելով վնասազերծում պատանդ պահող առևանգիչին: Իսկ ի՞նչ էր պետք հայկական մեդիադաշտին: Իհարկե նման թեմա: Մարդիկ շատ արագ մոռացան Խոսրովն ու Նաիրիտը ու սկսեցին ցինիկ դաշտում քննարկել թմրամոլի թեման:
Իրականում ի՞նչ կարելի է անել, որը չարեցին: Այդ լուրը կարելի էր ներկայացնել այնպես, ինչպես հերթական ավտովթարն է ներկայացնում Շամշյանը, որոնց ընթացքում ի դեպ, շատ դեպքերում ավելի շատ մարդիկ են մահանում: Սակայն ոչ, լուրը ներկայացրեցին ուղիղ եթերով, խայտառակեցին հերթական անգամ ոստիկանական համակարգին ու մի քանի օրվա անլուրջ քննարկման թեմա տվեցին ֆեյսբուքյան պարապ հանրույթին:

Նյութի աղբյութրը` orer.am