«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մանկահասակ երեխաների ծնողներն ահազանգում են, որ Երեւանի մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցվել է: Նախակրթարաններից զանգահարում են իրենց եւ տեղեկացնում, որ փոքրիկներին չեն կարողանա ընդունել: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

Ընդունելության դադարեցում չկա: Նման հանձնարական չի եղել: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու հասակից փոքր երեխաներին չհերթագրելուն: Ինչ անհրաժշետություն կա, ասենք, մեկ-երկու ամսական երեխային հերթագրելու` ըստ էության ավելորդ ուռճացնելով այդ ցուցակները: Ի վերջո, եթե հերթագրում են, դա հաշվարկի ժամանակ թիվ է կազմում: Պետք է հերթագրել տարիքը լրացած երեխաներին, այսինքն` 3-6 տարեկաններին, իսկ մսուր ունեցող մանկապարտեզների դեպքում` 2-6 տարեկաններին:

Բայց չէ՞ որ այս իրավիճակն ինչ-որ առումով օբյեկտիվորեն է ստեղծվել, երբ մանկապարտեզներում տեղ չկա, երեխաների հերթը չի հասնում, դրա համար էլ ծնողները հնարավորինս շուտ են դիմում:

Դա չի կարելի «օբյեկտիվորեն» անվանել, որովհետեւ հերթագրվածների ցուցակներն ուռճացված են: Այսինքն` ծնողը գրանցում է իր երեխային հիմնականում երկու, երբեմն էլ երեք տարբեր մանկապարտեզում: Հաշվարկի ժամանակ երեք թիվ է ցույց տրվում, մինչդեռ մեկ երեխայի մասին է խոսքը: Այս տեսակ բաները բացառելու, ժամանակից շուտ երեխաների գրանցումը բացառելու հանձնարարական է տրվել: Շատ դեպքերում շահարկվում է թիվ, որեւէ մեկը չի փորձում խորամուխ լինել` հասկանալու` լավ, այդ թվի որ մասն է իրական եւ որն է ուռճացված:

Իսկ հիմա հնարավո՞ր է ասել` մանկապարտեզներում որքան հերթ կա եւ իրականում քանիսն են այդ երեխաները:

Ես կդժվարանամ հստակ թիվ նշել, բայց առնվազն մի բան ակնհայտ է. ոմանք շրջանառում են ինչ-որ 30 հազար թիվ, շատ կխնդրեմ, որ իմ գործընկերներն այդ մասով եւս փորձեն տվյալ թիվը շրջանառողից խնդրել՝ ներկայացնելու աղբյուրներ, որովհետեւ չկա նման թիվ: Նման բան գոյություն չունի:

Եթե հերթագրվածների մասին տվյալներ ձեզ հայտնի չեն, ինչու եք կարծում, որ նման վիճակագրություն չկա:

Առնվազն տեղեկացված եմ, որ հերթագրվածների թիվը, մեկ ամսական երեխաներին, կրկնակի ու եռակի հերթագրվածներին միասին վերցրած, կազմում է ոչ ավելի, քան 8-9 հազար: Ի դեպ, ասեմ, քաղաքապետի կողմից հանձնարարականը շատ հստակ է տրվել, որ արդեն իսկ գրանցված երեխաներին, որոնք թեկուզ մեկ-երկու ամսական են, ոչ թե ցուցակից հանել ընդհանրապես, այլ առժամանակ տեղափոխել, այսպես ասենք, այլ էջ, մինչեւ նրանց տարիքը լրանա: Այդ ժամանակ արդեն այդ երեխաները, բնականաբար, կհամարվեն հեթագրված: Բայց սկսած այս պահից, կդադարեցվի մանկապարտեզի տարիքի չհասած երեխաների հերթագրումը: Այլապես մենք երբեւէ հարցի լուծում չենք կարողանալու տալ: Անընդհատ ինչ-որ թվեր են փորձելու շրջանառել, մինչդեռ դրանք չեն համապատասխանելու իրականությանը:

Բայց եթե երեխան մանկապարտեզ հաճախելու տարիքի դառնա եւ ունենա հերթագրվելու անհրաժեշտություն, նշանակում է` նա անմիջապես չի ընդունվելու ու զրկվելու է նախնական կրթություն ստանալու հնարավորությունից, այնինչ մեկ-երկու տարի առաջ հերթագրված լինելու դեպքում ժամանակին կկարողանար մանկապարտեզ ընդունվել:

Ոչ, ոչ, կրկին անգամ ոչ: Հստակ դրվել է խնդիր` անել հնարավորը, որպեսզի երբ երեխան հասնի մանկապարտեզ հաճախելու տարիքին, լիարժեք կարողանա օգտվել իր այդ իրավունքից:

Այդ դեպքում էլ, ստացվում է, հերթագրելու անհրաժեշտությունն է վերանում:

Գուցե եւ այդպես: Բայց հերթագրելու անհրաժեշտություն ասելով` նկատի ունենք, որ գուցե մեկը գալիս է ավելի ուշ, մյուսը գալիս է ավելի շուտ... Կվերանա, թե չի վերանա այդ անհրաժեշտությունը, հիմա մենք դա չենք քննարկում: Դուք կոնկրետ հարց եք ուղղում` քաղաքապետի հանձնարարականը ինչին է վերաբերել: Կասեցում չկա, կասեցվում է միայն այդ տարիքային խմբի երեխաների հերթագրումը: Քաղաքապետի կողմից հստակ հանձնարակական է տվել` ամբողջը վերլուծելով, տարիքային այն խմբի երեխաներին, որոնք պետք է արդեն մանկապարտեզ հաճախեն, առնվազն գոնե 3-6 տարեկաններին, հնարավորինս ապահովել այդ կրթությամբ: Եվ պահանջ չի դրվել 3 տարեկանների ընդունելությունը հետաձգել՝ նախապատվությունը տալով 4 տարեկանից սկսած: Գոնե այսօր խնդիրը դրված է այնպես, որ լիարժեք այդ ցանկը մաքրվի, որ արդեն հաշվարկը սկսի տարվել նորմալ տարբերակով եւ բացառվեն կրկնակի եւ եռակի գրանցումները:

Հիմա, ասենք, 4 տարեկան երեխաները կարո՞ղ են հերթագրվել:

Այո, այն տարիքային խմբին, որոնք արդեն պետք է հաճախեն մանկապարտեզ, ապահովելուց հետո, բնականաբար, անցում կկատարվի նոր հերթագրումների: Բայց, էլի եմ կրկնում, կհերթագրվեն այն երեխաները, որոնց տարիքը թույլ է տալիս մանկապարտեզ ընդունվել: Մի քանի տարվա ընթացում մենք վերջնականապես այդ հարցը կլուծենք եւ հուսանք, որ այլեւս հերթագրման անհրաժեշտություն չի լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում