Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը նամակ է գրել կնոջը՝ տեղեկացնելով, որ իրեն առանձին բանտախուց են տրամադրել:

Ըստ Demokrathaber-ի՝ Սամասթն իր նամակում պատմել է, թե բանտապահներն իրեն տեղափոխել են այլ բանտախուց, ապա՝ մեկ այլ սենյակ, որտեղից էլ պետք է հանձնեին ոստիկանությանը, սակայն ներս է մտել երեք բանտապահ և իրեն ծեծի ենթարկել:

Վաթան Չաղդաշի հոդվածի համաձայն՝ ծեծելու ընթացքում բանտապահները Սամասթին հորդորել են ինքնասպան լինել: «Կախվիր, այլապես կմնաս մեր ձեռքում: Քեզ կսպանենք՝ թունավորելով»,- ասել են բանտապահները:

Սամասթը պնդել է, որ «նախորդ շաբաթ նույնպես ծեծել են իրեն, իսկ ինքը հարցաքննության և դատական նիստի ընթացքում չի տեղեկացրել այդ մասին վախի պատճառով»:

«Ինձ փրկիր այստեղից: Մեկի հետ այս հարցով տեսակցիր, այլապես այստեղ մահ կլինի»,- կնոջն ուղղված նամակում, ըստ պնդումների, ասել է մարդասպանը:

Կայքի տեղեկացմամբ՝ Սամասթի կինն այս նամակը ներկայացրել է դատարան՝ պահանջելով այլ բանտ տեղափոխել ամուսնուն: Դատարանն էլ իր հերթին դիմել է Բաքըրքոյի գլխավոր դատախազություն՝ խնդրելով «ավելի ապահով» բանտ տեղափոխել Սամասթին: Ուսումնասիրություններից հետո դատախազությունը մեկ շաբաթում որոշում է կայացրել և Սամասթին տեղափոխել Քոջաելիի «Ֆ» տիպի փակ բանտը:

9 ամիս շարունակ 3 հոգանոց բանտախցում մնացած Սամասթի վերաբերյալ երկուշաբթի օրը նոր որոշում է կայացվել: Հանցագործությունների հարցով ընդհանուր տնօրինությունը բանտի ղեկավար մարմիններին հրահանգել է ընդլայնել Սամասթի անվտանգությանն ուղղված միջոցները: