Արարատի մարզպետարանում նոր ուստարվան ընդառաջ խորհրդակցություն է հրավիրվել, մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, ԿԳՆ պաշտոնյաներ, կրթության պատասխանատուներ: Մարզպետ Արամայիս Գրիգորյանն իսկական «մառոզ» է արել՝ բարձրացնելով դպրոցներում կարգուկանոնի, տնօրենների աշխատաոճի, գնահատականների արհեստական բարձրացման, կառավարման ու ծնողական խորհուրդների ոչ արդյունավետ գործունեության, դրամահավաքի եւ այլ հարցեր: Մեզ պատմեցին, որ նա «շան լափ» է թափել տնօրենների գլխին՝ կտրականապես արգելելով դրամահավաքը դպրոցներում: Հատուկ շեշտել է, թե խախտողները խստորեն կպատժվեն: Մարզպետն ավելի հեռուն է գնացել եւ բարոյախրատական ճառ ասել՝ հասարակության մեջ մանկավարժի դերի, հեղինակության բարձրացման մասին՝ խորհուրդ տալով մանկավարժական կոլեկտիվներին ինքնակատարելագործվել, վերափոխվել: Անշուշտ, գովելի են այս ջանքերը, բայց աշխատաոճը փոխելու կարիք ունի նաեւ ինքը՝ մարզպետը, ով ԱԺ վերջին ընտրություններից հետո թիրախավորել էր մի քանի տնօրենների՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներին, եւ աշխատանքից ազատել Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրենին՝ նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի քրոջը: Հետո մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքում ազատել Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանին, ով ամիսներ առաջ ՀՀԿ Արարատի կանանց խորհրդի նախագահն էր եւ կուսակցությունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի հետ: Թիրախում է նաեւ թիվ 3 դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը, ով մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանի քույրն է: Մարզպետը նախ ստուգողներ է ուղարկել դպրոց, ապա, երբ համոզվել է, որ ամեն ինչ նորմալ է, որոշել է լուծարել դպրոցը՝ անբարեկարգ վիճակի պատճառով:

Նյութի աղբյուրը ` Hraparak.am