Այսօր Արցախում զոհված զինծառայողը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքից էր: Գուսանագյուղի համայնքապետ Վասակ Ղազարյանը hraparak.am-ին պատմեց, որ զինկոմը լուրն իրեն է հասցրել եւ ինքն ստիպված էր կանչել տղայի հորը ու ասել, որ որդին այլևս չկա: «Հայրը մեր գյուղի գազելի վարորդն է՝ Գյումրի-Գուսանագյուղ ուղղությամբ, երբ կեսօրին եկան ասացին, որ ականի վրա Հայկը պայթել է, հայրը արդեն Գյումրիից վերադարձել էր գյուղ, կանչեցի, սկզբում ասացի տղադ վիրավոր է, բայց նա գլխի ընկավ, չգիտեմ ինչպես հասկացավ, որ որդին այլևս չկա»,-ասաց համայնքապետը:

Հայկը տան ավագ որդին էր, իրենից փոքր երկու եղբայր ունի: Միջնեկը նույնպես շուտով բանակ կզորակոչվի: Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ Շիրակի մարզից ևս մեկ զինծառայող էր զոհվել՝ Արտակ Բիշարյանը: Նա Հոռոմ գյուղից էր, մահացել էր հակառակորդի արձակած կրակոցից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նյութի աղբյուրը ` Hraparak.am