Սեպտեմբերի 1-ին երեկոյան «Խոսրովի անտառում» կայծակից բռնկված հրդեհը հաջողությամբ տեղայնացվել է:

Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները եւ հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր:

Գիշերվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը` թույլ չտալով այրվող տարածքի ընդլայնումը: Սեպտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ այն հանգցված է, իրականացվում են հետմարման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 21 աժխատակից եւ ՀՀ ԱԻՆ 20 հրշեջ փրկարար:

Այրվել է 3-4 հեկտար խոտածածկ տարածք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 19:21-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 33 փրկարար ծառայող, 1 քաղ. ծառայող: Աշխատանքներին մասնակցել են արգելոցի 20 աշխատակից:

Պարզվել է, որ այրվում է մոտ 4000 քմ խոտածածկույթ:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:40-ի դրությամբ «Խոսրովի անտառ»-ի տարածքում՝ «Քորուզ» եւ «Մուսազ» կոչվող ձորակներում մոտ 4 հա տարածքի վրա դեռ եղել են հրդեհի մանր ծխացող օջախներ: