Հրշեջները հերթապահություն են իրականացնում «Նաիրիտ» գործարանի տարածքում՝ կրկնակի հրդեհի սպառնալիքը բացառելու համար։ Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտարարեց արտաքին իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ փրկարարների պրոֆեսիոնալ եւ անձնվեր աշխատանքի շնորհիվ «Նաիրիտ»-ում հաջողվեց մեծ աղետից խուսափել։

«Չորս այրված բաց պահուստարանների կողքին ավելի վտանգավոր նյութերով փակ կոնտեյներներ կային։ Եվ ջեմաստիճանի բարձրացման պարագայում հետեւանքներն անկանխատեսելի կլինեին»,- ասաց Դավիթ Կարապետյանը։ Փոխնախարարը հավելեց, որ 20 ժամ շարունակ փրկարարները սառեցման աշխատանքներ էին իրականացնում։

«Բազմիցս նշվել է, որ «Նաիրիտ» գործարանում թունավոր նյութեր, թափոններ են մնացել, որոնք պետք է ոչնչացվեն կամ դուրս տարվեն Հայաստանից։ Մի քանի ամիս առաջ նախարար Դավիթ Տոնոյանի եւ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն ուսումնասիրել է այնտեղ գոյություն ունեցող վտանգավոր նյութերի ոչնչացման հնարավորությունը»,- նշեց Դավիթ Կարապետյանը։ Փոխնախարարն ընդգծեց, որ այդ նյութերը կա՛մ պետք է ոչնչացվեին, կա՛մ կոնսերվացվեին։

«Երկու տարբերակների դեպքում էլ ռիսկը մեծ է։ Յուրաքանչյուր նյութ առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ Դրա համար նաեւ որոշ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։ Մի քանի օր առաջ նախարար Տոնոյանը համաձայնություն է ձեռք բերել Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ։ Առաջիկայում միջազգային փորձագետներ կժամանեն Հայաստան՝ ճանապարհային քարտեզ կազմելու համար»,- ասաց Դավիթ Կարապետյանը։

Փոխնախարարի խոսքով՝ երկու ամսում միջազգային փորձագետներն առաջարկությունների համապատասխան փաթեթ կներկայացնեն։