ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:

Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 5-ին ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվեց օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվեցին հրդեհի օջախների վայրերը եւ դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվեցին փրկարար-դեսանտայիններ, որոնց առջեւ խնդիր է դրված տեղայնացնել եւ մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ եւ անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

 Բյուրական գյուղին հարակից սարում այրվել է 80 հա տարածք։ ԱԻՆ փոխանցմամբ, ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան. կան պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Ժամը 23:00-ին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր եւ հրշեջ-փրկարարական տեխնիկա:

Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ եւ 8 մարտական հաշվարկ:

Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:

Նշենք, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում քամի է, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից եւ Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ: