Lragir.am _ ը գրում է ՝

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում ԲՐԻԿՍ-ի վեհաժողովի ժամանակ անդրադարձել է Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշմանը:
«Դա Միացյալ Նահանգների սուվերեն որոշումն է… մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն կան ընդհանուր միջազգային կանոններ ու մոտեցումներ: Հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի նպաստում խաղաղությանը, այլ միայն խորացնում է իրավիճակը», ասել է Պուտինը:
Իյա, իրո՞ք, կասեր Սերժ Սարգսյանը:
Պուտինի մոտ վերջերս նկատվում են տարօրինակ բաներ, ինչն էլ թերեւս պատճառ է դառնում նման հայտարարությունների:
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում զենքի հիմնական մատակարարն է եւ զինված դիմակայության գլխավոր շահառուն, որը հնարավորություն է տալիս նրան «զենքի բիզնես» անել: Իսկ Ադրբեջանին զենքը մատակարարվում է նաեւ դրա կիրառման քաղաքական հովանավորությամբ:
Ընդ որում, Ռուսաստանն այդ հակամարտության կարգավորման միջնորդ պետություն է: Համեմատության համար նշենք, որ մյուս միջնորդները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, օրենքի ուժով արգելել են զենքի վաճառքը հակամարտ կողմերին:
Ռուսներն Արեւմուտքի հետ դիմակայության մեջ նրա հասցեին հաճախ են օգտագործում «երկակի ստանդարտների քաղաքականություն» արտահայտություն-մեղադրանքը: Սակայն Ռուսաստանի քաղաքականությունը նույնիսկ երկակի ստանդարտ էլ չէ, այլ մի բան, որը տեղավորվում է «ինձ կարելի է, ձեզ՝ ոչ» մեծապետական հոգեբանության մեջ:
Նույն Ուկրաինայի պարագայում այս հանգամանքն ավելի է ընդգծվում՝ Ռուսաստանը սկսել է հակամարտությունը եւ զենք է մատակարարում Դոնբասի այսպես ասած «անջատականներին», ինչպես նաեւ Ռուսաստանից այնտեղ ուղարկված հատուկ «աշխարհազորին»:
Մյուս կողմից, սա արդեն անկման ու անելանելիության նշան է, որ դրսեւորվում է ռուսական մեծ ու փոքր պաշտոնյաների հայտարարություններում: Երբեմնի ահեղ կայսրությունից մնացել են անօգնականությունն ու երեսպաշտությունը: