harparak.am _ ը գրում է `

Շաբաթ օրը Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի գումարած նիստում քննարկվել է «Ելք» խմբակցության կողմից առաջարկած Երեւանի մի քանի փողոցների անվանափոխության նախագիծը։ Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ փողոցների անվանակոչության վեց նախագծերին:

Նշենք, որ Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուններով անվանափոխելու նախագծերին միաձայն դեմ են քվեարկել հանձնաժողովում ՀՀԿ խմբակցության 11 անդամները

Հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Երեւան քաղաքում ՏԻՄ օրենքի 23-րդ հոդվածով սահմանվում է, որ անկախ նրանից, թե որոշման նախագծերը ինչ եզրակացություններն են ստանում հանձնաժողովներում, քաղաքապետը 4 ամսվա ընթացքում պետք է տվյալ նախագիծը մտցնի Երեւան քաղաքի ավագանու օրակարգ. «4 ամսվա ընթացքում նիստերից մեկի ժամանակ դա պետք է քննարկվի։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի քննարկմանը, ապա ասեմ, որ ակնհայտ էր, որ ՀՀԿ խմբակցության 11 ներկայացուցիչները հանձնաժողովին պիտի ներկայանային մի քանի օր առաջ պարոն Մարգարյանի հնչեցրած մտքերի տրամաբանության մեջ, իսկ էնտեղ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են փողոցների անվանակոչությանը եւ հղում էր անում հանրային կարծիքի ուսումնասիրության բացակայությանը եւ այլն։ Տարօրինակ է, որ Հանրապետական կուսակցությունը իր կառավարման երկար տարիների ընթացքում հանկարծ հիշել է, որ կարելի է հաշվի առնել հանրային կարծիքը։ Իհարկե, մի կողմից սա լավ է, որ ՀՀԿ-ն գիտակցել է դրա կարեւորությունը, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ դա միջոց է տվյալ նախագծերի քննարկումները հետաձգելու եւ տապալելու»։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ փաստարկների մեջ ՀՀԿ ներկայացուցիչները անընդհատ նշել են, որ իրենք դեմ չեն նախագծերում նշված անուններով փողոց ունենալուն, բայց դեմ են այդ փողոցների վերանվանմանը. «Ես տպավորություն ունեցա, որ նրանց մի մասը ընդհանրապես չէր ուսումնասիրել մեր ներկայացրած հիմնավորումները, այլ հստակ արդեն ուղղորդված եկել էին դեմ քվեարկելու տվյալ նախագծին։ Հանրապետականների միայն մի մասը Մոնթե Մելքոնյանի փողոցի անվանակոչության ժամանակ էր, որ հրաժարվեց նախապես ծրագրված քվեարկությունից, նրանք առաջին անգամ դեմ քվեարկեցին, հետո խնդրեցին վերաքվեարկություն եւ նրանցից 4-ը ձեռնպահ քվեարկեց»։

Հարցին՝ «Երկիր Ծիրանիի» անդամը մասնակցե՞լ է քննարկմանը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրենց հանձնաժողովում Մարինա Խաչատրյանն է ներգրավված, որը չի մասնակցել նիստին. «Մենք ստացել են «Երկիր Ծիրանիի» մամուլի հաղորդագրությունը, որտեղ նշված էր, որ հանձնաժողովը նիստ է նշանակել ոչ աշխատանքային օրը, ինչը չի արգելվում կանոնադրությամբ, նշել էին, որ ԵԾ-ն ամբողջ կուսակցությամբ այդ օրը գտնվելու է Արցախում»։

ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը, որը ձեռնպահ է քվեարկել Մոնթե Մելքոնյանի անվան փողոց անվանակոչելու հարցին, կարծում է, որ Երեւանի փողոցների անվանփոխելու համար պետք են հանրային կարծիքի ուսումնասիրություններ. «Բացառություններ չպետք է լինեն՝ անկախ անունից՝ ում անունն է փոխվում, պետք է մշակվի ձեւ, որը ընդունելի լինի բոլորի համար։ Պետք է լինի հարցում, պետք է լինի արխիվային ամբողջ պատկերացումը եւ դրանից հետո կարելի է խոսել՝ այս մարդը եղել է հակապետական, թե ոչ, որովհետեւ այս ճանապարհը, որ 15 հոգով մենք պետք է որոշենք, դա ճիշտ չի լինի հանրության համար։ Մի հանգամանք եւս՝ այսօր այն պահը չի, որ ծախսեր լինի, սրանք փոքր ծախսեր չեն լինելու, որովհետեւ յուրաքանչյուր փոփոխությունը՝ գրառումները, անձնագրային, հետո հասցեագրական, փոստային եւ հետո քաղաքային քարտեզի, սրանք ծախսեր են։ Եվ սա արդյո՞ք այս պահն է, թող որոշվի կարգուկանոնը՝ ինչպես կարելի է անել։ Ներկայացրած հիմնավորումները եղել են միակողմանի։ Այդ հարցը պետք է լուծվի պետական մակարդակով, ոչ թե 15 հոգու միջոցով»։

-Արդյո՞ք սա պետական հարց է։

Եթե նրանց մեղադրում են հակապետության մեջ, միայն այն բանի համար, որ նա բոլշեւիկյան կուսակցության անդամ էր...

-Կասյանի մասի՞ն է խոսքը։

-Ոչ միայն։ Այստեղ հարկավոր է, որ ամեն ինչը բազմակողմանի, ճշգրիտ լինի, եւ գուցե այսօր այն ժամանակը չէ, որ նման ծախսեր լինեն։ Դա որքանո՞վ շարքային երեւանցու բարեկեցությունը կբարելավի այսօր։

-Պարոն Վարդազարյան, «ԵԼՔ» դաշինքի առաջարկած անուների մեջ հակապետական դեմքեր կա՞ն։

-Դա երկրորդ հարցն է՝ ում անունով կոչեն, բայց միանգամից թռիչքով չի կարելի անցնել անդունդը, հարկավոր է քայլ առ քայլ։ Պետք է կանոնակարգ եւ այդ մոտեցմամբ։