Ծառուկյան դաշինքի պատգամավորները վերադարձել են ամառային հանգստից ու արդեն ելույթներ են ունենում: Շուտով տեղի է ունենալու խմբակցության նիստ, որտեղ որոշվելու է առաջիկա անելիքն Ազգային ժողովում: Հայտնվում է, որ դրան չի մասնակցելու Գագիկ Ծառուկյանը, ով մեկնելու է Բելառուս՝ տեսակցելու իր ընկեր Լուկաշենկոյին:

Դաշինքի պատգամավորներից մեկն ասել է, որ դաշինքը որոշում ունի 2018-ի վարչապետի հարցում, սակայն այդ մասին չի ասի: ԶԼՄ-ները գրում են սակայն, որ դաշինքն աջակցելու է այն թեկնածուին, ում առաջ կքաշի ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն էլ է ասում, որ վարչապետ է դառնալու իր թեկնածուն:

Տեղեկություն եղավ նաեւ, որ դաշինքի պատգամավորներից մեկն իր առանձնասենյակից հանել է Սերժ Սարգսյանի նկարը, քանի որ պատրաստվում են ընդդիմադիր գործունեության: Ճոյտն էլ զգուշացրել է՝ մուլտեր է նկարում իր թիմակիցների մասին, եթե շեղվեն նախընտրական 15 կետերից:

Ամռանը քիչ ինչ ակտիվ էին ՀՀԿ-ն ու Ելքը, որոնք որոշակի նախաձեռնություններ էին առաջ քաշում, հայտարարություններ անում: Սակայն այդ ամենն ամբողջական չէր, քանի որ դաշտում չկային մեծությամբ երկրորդ խմբակցության ներկայացուցիչները: Առանց նրանց հայկական ներքաղաքական դաշտը մի տեսակ կիսատ է մնում:

Եվ ահա, նրանք վերադարձել են, եւ նրանց առաջին իսկ հայտարարություններն ու քայլերը վկայում են, որ քաղաքական նոր՝ աշուն-գարուն սեզոնը բացված է: Սակայն, դատելով այդ հայտարարություններից, նոր է միայն ժամանակը, մնացածը նույնն է՝ նույն ոճը, բառապաշարը:

Այսինքն, բացվում է խեղկատակության հերթական սեզոնը, որը կոչվում է հայկական ներքին քաղաքականություն: Այս սեզոնի ներքին գլխավոր նպատակը լինելու է 2018 թ. պետության առաջին դեմքի՝ վարչապետի ընտրությունը, իսկ արտաքին հարցերում նորություն չկա՝ քաղաքական ուժերը միմյանց «հավասարակշռելով» պահելու են Մոսկվայի ու պրո-ռուսական դաշինքների գերիշխանությունը եւ փորձելու են հանձնել Ղարաբաղը:

Այս անգամ թերեւս ամեն ինչ անցնի առանց ցնցումների, քանի որ բոլորն ունեն 2015 թ. փորձը, երբ Մոսկվան բոլորին հռչակեց կլոուններ: Սերժ Սարգսյանը դրա համար էր խոսում ազգային համերաշխության կառավարությունից, դա դարձնելով խորհրդարան մտնելու պայման: