Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղում Երևանում 1:4 հաշվով զիջեց Դանիային: Խաղի ավարտին երկրպագուները վանկարկում էին «Նեմե՛ց, հեռացի՛ր», պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Ռուբեն Հայրապետյանը ժամանակին հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա:

«Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում», ասել էր Հայրապետյանը

երկրպագուների հետ հանդիպմանը:
Ընտրական այս մի փուլն էլ է տապալվել, Հայաստանի հավաքականը զրկվեց խմբից դուրս գալու շանսից: Հետաքրքիր է, Ռուբեն Հայրապետյանը կհեռանա՞, թե էլի նրան

«թասիբի կգցեն»:
Հայաստանում ֆուտբոլը, ինչպես նաեւ ցանկացած ոլորտ, կառավարվում է «թասիբի» ու նման չափանիշներով, ինչն էլ այդ ոլորտների ողբալի իրավիճակի պատճառն է: Ավելորդ է ասել, որ այդ դեպքում խնդիրը ոչ թե տվյալ ոլորտի, այս դեպքում ֆուտբոլի զարգացումն է, այլ կառավարիչների անձնական հավակնություններն ու մոտիվացիան:

Հայկական ֆուտբոլը իր վրա կրում է համակարգային արատների ողջ հետեւանքը, քանի որ իշխող քրեա-օլիգարխիայի համակարգի մի մասն է: Ըստ այդմ, Ռուբեն Հայրապետյանի պարագայում գործելու է ոչ թե ֆուտբոլի շահը, այլ համակարգի ընթացիկ շահն ու կոնյունկտուրան: