«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Որ անապահովության նպաստների համակարգը պետք է բարելավել՝ դա ակնհայտ է: Կան մարդիկ, ընտանիքներ, որոնք ապրում են միջին կամ նույնիսկ միջինից բարձր նյութական ստանդարտներով, բայց չեն խորշում կոռուպցիոն սխեմաներ օգտագործելով՝ ստանալ այդ նպաստների գումարները՝ կտրելով դրանք իսկապես կարիքավորների բերանից: Բայց այն, ինչ արվում է հիմա՝ «չափանիշների խստացում» անվան տակ, նախ՝ բացարձակապես չի խոչընդոտում վերոհիշյալ կոռուպցիոն սխեմաներին, երկրորդ՝ անարդար է այդ նույն կարիքավորների նկատմամբ:

Խոսքը, մասնավորապես, հետեւյալի մասին է. ընտանիքի տղամարդը ծայրահեղ կարիքից ելնելով մեկնում է «խոպան», կինն այստեղ գործազուրկ է եւ իր երեխաներին պահում է «խոպանից» ուղարկվող գումարներով: Ո՞ր դեպքում է Հայաստանում մնացած ընտանիքը համարվում կարիքավոր եւ, հետեւաբար, նպաստառու, որ դեպքում՝ ոչ: Այդ հարցին շատ դժվար է պատասխանել: Մի ամիս ամուսինն ուղարկում է 100 դոլար, մեկ այլ ամիս՝ 500, իսկ լինում է, որ ընդհանրապես չի ուղարկում:

Ընդ որում, մի անգամ նա կարող է փող փոխանցել բանկային համակարգի միջոցով, մի անգամ անձամբ բերել կամ ծանոթի միջոցով ուղարկել կանխիկով, մի անգամ էլ պարզապես խնդրում է ընկերոջը անհրաժեշտ մթերք գնել իր ընտանիքի համար՝ հետագայում «տեղը հանելու» պայմանով:

Արդյոք ամեն ամիս այդ կինը պետք է վազվզի համապատասխան ատյաններով՝ ապացուցելու համար, որ կարիքավո՞ր է: Հնարավո՞ր է արդյոք վերահսկել եւ օբյեկտիվ պատկերացում կազմել այդ՝ «խոպանից» ուղարկված գումարների մասին: Ինձ թվում է՝ ոչ: Պարզել, թե երբ են մարդիկ այս դեպքում պետությանը խաբում, երբ՝ ոչ, նույնպես, ինձ թվում է, հնարավոր չէ:

Հայաստանում (գուցե նաեւ այլ երկրներում) նպաստառուները շահագրգռված են իրենց նյութական վիճակը ներկայացնել ավելի վատ, քան այն իրականում կա: Բայց այդ կասկածանքով ընկնել փաստացի առանց ամուսինների մնացած կանանց հետեւից… չեմ կարծում, թե դա ճիշտ է բարոյական եւ իրավական առումով, ու տեխնիկապես էլ դժվար իրականացվելի է:

Գիտեմ, որ խիստ ոչ ականջահաճո բան պիտի առաջարկեմ, բայց գուցե արժե մտածել, որ մարդիկ անապահովության նպաստների առումով ընդհանրապես պետության հետ հույսեր չկապեն: Որքան էլ տարօրինակ է, սակայն երբեմն նպաստով ապրելը կաշկանդում է մարդու՝ աշխատանքի գնալու ցանկությունը: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են 150 հազարանոց գործից հանուն 60 հազարանոց նպաստի: Տրամաբանությունը պարզ է՝ 150 հազարն այսօր կա, վաղը կարող է չլինել, իսկ 60 հազարը պետականորեն երաշխավորված է: Գուցե առաջարկս դաժան հնչի: Բայց հատվածաբար ստուգել մարդկանց պարկեշտությունը, ինձ թվում է՝ ավելի դաժան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում