Երեկ՝ սեպտեմբերի 6–ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:00-ի սահմաններում Այվազովսկի փողոցում՝ Էրեբունի թանգարանի դիմաց, բախվել են Մանվել Գաբրիելյանի վարած Toyota Camry մակնիշի 011 HH 01 համարանիշի եւ Հովհաննես Սարգսյանի վարած Hyundai մակնիշի 0133 ՏՏ համարանիշի ավտոբուսը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներ Մ. Գաբրիելյանը, Հ. Սարգսյանը եւ Toyota Camry-ի ուղեւորներ Ալբերտ Միրզախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ Հ. Սարգսյանը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն եւ դուրս գրվել:

Մ. Գաբրիելյանի եւ Ա. Միրզախանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրակարարները քաղաքացիների հետ Toyota Camry-ի ուղեւոր Ա. Միրզախանյանին, ով բախման հետեւանքով արգելափակվել էր ավտոմեքենայում ՝ դուրս են բերել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետեւ տեղափոխել հիվանդանոց:

Toyota Camry-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում եւ սպասարկում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, իսկ Hyundai-ն սպասարկում է թիվ 39 երթուղին, վթարի մեղավորն էլ եղել է Hyundai-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ու դարձել վթարի պատճառ:

Արմեն Աշոտյանը, բարեբախտաբար, ավտոմեքենայում չի եղել եւ նա այս օրերին գտնվում է Ստրասբուրգում: