Ռուսաստանի նախագահական ընտրություններն աստիճանաբար մոտենում են, և ամենայն հավանականությամբ, այս անգամ թեկնածուների պակաս չի զգացվի։ Դեռ հայտնի չէ ընդդիմության ամենավառ ներկայացուցիչ Ալեքսեյ Նավալնու ճակատագիրը, ում հավանաբար թույլ չեն տա մասնակցել ընտրություններին։ Սակայն փույթ չէ, ինչպես ասում են, որովհետև այս անգամ ընտրություններին որպես նախագահի թեկնածու մասնակցելու է Գրիգորի Յավլինիսկին, ով գլխավորում է «Յաբլոկո» կուսակցությունը, և ժամանակին այդ կուսակցության անդամ է եղել հենց Ալեքսեյ Նավալնին։ Նույնիսկ հայտնի է, թե ինչ ձևաչափով է Յավլինիսկին մասնակցելու ընտրություններին։

Նրա հիմնական ուղերձը լինելու է «Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտության դեմ» կարգախոսն ու բոլոր այն ֆինանսական ռազմական բյուջեն, որ ուղղվում է սիրիական ճգնաժամում ռուսական զինված ուժերի մասնակցությանը, հետայսու ուղղվեն ներռուսաստանյան խնդիրները կարգավորելուն։ Սա կարծես թե ինչ-որ տեղ հիշեցնում է ԱՄՆ նախագահական ընտրությունները, որտեղ Դոնալդ Թրամփը նույնպես հանդես էր գալիս ոչ թե Ամերիկայի ինտերվենցիոնալ քաղաքականության օգտին, այլ հակառակը՝ ի նպաստ պետական միջոցների խնայման ու ֆինանասական ներհոսքերի օգտին։

Թրամփն իր նպատակին հասավ, որովհետև, անկախ ամենից, ԱՄՆ-ն ժողովրդավար պետություն է ու ունի ընտրության հնարավորություն։ Ռուսաստանում ավտորիտար համակարգ է, ու դժվար թե այս պահին Վլադիմիր Պուտինին այլընտրանք հայտնվի։ Համենայն դեպս, նրա դիրքերն այս պահին ամուր են, թեպետ նախկին 70 տոկոսանոց վարկանիշը Պուտինն այլևս չունի։

Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի պայմաններում միգուցե Յավլինսկու այս քայլը որոշակի հավանության արժանանա հանրության կողմից, սակայն հաղթել ընտրություններում նրան դժվար հաջողվի։