Ջորջ Քլունին հայտնել է, որ ինքը հորդորել է կնոջը՝ Ամալ Քլունիին չմեկնել Ադրբեջան։ Hollywood Reporter –ին տված հարցազրույցում Քլունին պատմել է, որ ինքը կնոջը գործարք է առաջարկել, որի պայմաններին Ամալը համաձայնել է։

«Ամալը Մալդիվներում էր, որտեղ փորձում էր բանտից ազատել նախկին նախագահ Մոհամեդ Նաշեդին։ Երբ նա վերջապես մեկնել է Մալդիվներից, ուզում էր մեկնել Ադրբեջան, որտեղ բանտարկված էր նրա հաճախորդներից մեկը։ Եւ ես ասացի՝ «Արի պայմանավորվենք՝ ես չեմ գնա Հարավային Սուդան, իսկ դու չես գնա Ադրբեջան։ Ի՞նչ կարծիքի ես»։ Եվ նա ասաց «Այս պահին լավ գործարք է թվում»։

Քլունին պատմել է, որ ինքն ու կինը բազմաթիվ իրական սպառնալիքներ են ստացել ու շատ լուրջ են վերաբերվում դրանց։

Նշենք, որ Ամալ Քլունին պաշտպանում էր ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմաիլովայի շահերը, որը Բաքվում 7․5 տարվա ազատազրկման է դատապարտված Հեյդար Ալիեւի ընտանիքի դեմ լրագրողական հետաքննության համար։ Քլունին պաշտպանում էր նրա շահերը ՄԻԵԴ-ում։