Տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 11-ից Երեւան քաղաքի Նալբանդյան-Պուշկին-Վարդանանց փողոցների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Հայաստանի ՃՈ-ից հայտնում են, որ համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ լուսացույցով չկարգավորվելու դեպքում երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: