Ասմունքող Լիանա Զուրաբյանը կանգնեցրել է ՃՈ աշխատակիցներին: Նրա զայրույթը չի անցնում վերջերս իր եւ ՃՈ աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո: Օրեր առաջ ՃՈ-ն տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ ավտոտեսուչները փորձում են արձանագրություն կազմել, քանի որ Լիանան 3 ամիս չի թարմացրել տեխզննման կտրոնը, եւ նրա ու տեսուչների միջեւ վեճ է ծագել: Այդ օրվանից մինչեւ հիմա Լիանա Զուրաբյանը զայրացած է եւ փորձում է արձանագրել տեսուչների յուրաքանչյուր խախտում: Armtimes.com-ի հետ զրույցում նա պատմեց, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հանրապետության հրապարակում տեսել է՝ ինչպես են ավտոտեսուչները մի աղջկա բաց թողնում նրա ծանոթի հետ հեռախոսով զրուցելուց հետո:

«Ես ահավոր լարված եմ ՃՈ-ի հանդեպ, եւ հիմա, երբ մեքենայով անցնելիս տեսնում եմ՝ գային մեքենա է կանգնեցրել, գնում հեռվից նկարում եմ կամ, որ ԽԾԲ-ով թողնում են գնա, կամ էլ, որ գումար են վերցնում: 2 հատ արդեն նկարել եմ, 2 նյութ ունեմ: Ես չեմ հանգստանում, իմ նյարդերը լարված են: Այսօր ծանոթ-բարեկամ սկզբունքը գործեց. աղջիկ էին կանգնեցրել Հանրապետության հրապարակի մոտ: Աղջիկը զանգեց, տվեց ավտոտեսուչին, ավտոտեսուչը խոսեց, հեռախոսը տվեց աղջկան, աղջիկը գնաց: Մոտեցա նրանց, ասացի. «Աջ քաշեք, կանգնեք, չներկայացան, փախան իմ մոտից»»,- պատմեց նա:

Լիանա Զուրաբյանը չգիտի՝ ինչ է անելու նկարահանած նյութերի հետ: Սոցիալական ցանցերում հրապարակելու նպատակ չունի: Դեռ սպասում է: Հույս ունի, որ ՃՈ պետը ներողություն կխնդրի իրենից:

«Ես այսպես նյութերը հավաքում եմ: Այսքանից հետո ՃՈ պետը նույնիսկ չի բարեհաճում մի հատ ներողություն խնդրել կամ ինչ-որ մի քայլ չեն ձեռնարկում: Իրենք ասում են՝ օրենքն իրենց ձեռքն է, ինչ կուզեն կանեն: Ես պուճուր եմ հա՞, կարծում են: Իմ մեջ Սեւակ է ապրում ու Սահյան է ապրում: Կանգ չեմ առնելու, ընկնելու եմ հետեւներից: Իսկ իրենցից ոչ մի հանգստացնող բան չեմ ստանում: Դեռ դատի չեմ տա, դեռ սպասում եմ նրանց արձագանքներին»,- ասաց նա:

Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների մասնակցությամբ տեսանյութը մեծ արձագանք էր գտել համացանցում: Տեսանյութում Լիանան զայրացած խոսում է ավտոտեսուչների հետ, իսկ նրանք պահանջում են նրա վարորդական վկայականը: Հետագայում Լիանա Զուրաբյանը հայտարարել էր, որ տեսանյութը հրապարակվել է մոնտաժված՝ ի շահ ավտոտեսուչների:

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com