Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի մոտ. կտրուկ վատացել է մի քաղաքացու (ենթադրաբար՝ ֆրանսահայ) ինքնազգացողությունը, իսկ ժամանած շտապօգնության բուժանձնակազմին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը, նա տեղում մահացել է:

Նրան ուղեկցել են երկու տարեց կանայք:

Ականատեսների խոսքով, քաղաքացին հանկարծ վատ է զգացել ու ընկել գետնին: «Ներկաներից մեկը մոտ 15 րոպե սրտի մերսում էր անում, իսկ շտապօգնությունը եկավ բավական ուշացումով՝ մոտ 25 րոպե անց: Դրանից եւս 20 րոպե անց եկավ երկրորդ շտապօգնության մեքենան՝ արդեն սրտաբանական բաժանմունքից:

Ինչ-որ պահի տղամարդն ուշքի եկավ, բայց քիչ անց նորից կորցրեց գիտակցությունը եւ քիչ անց մահացավ»,- NEWS.am-ին պատմել է ականատեսներից մեկը:

Լուսանկարները մեզ է տրամադրել ականատեսներից մեկը, ով շտապօգնության աշխատակիցներին հարցրել է, թե ինչու են այսքան ուշացումով եկել ինֆարկտով մարդուն օգնության, ինչին ի պատասխան բժիշկներից մեկն ասել է. «Հիմա դրա ժամանա՞կն է»: