Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Շահումյան 44 շենքի 3-րդ բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Արման Վարդանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Վարդան Մազյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը, հատակին ընկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 51-ամյա Ժիրայր Սարիբեկյանի դին։ Բնակարանում զննություն կատարելով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բենզինանման հեղուկով և 2 սպիտականման զանգվածով լցված պլաստմասե տարաներ, 3 հատ լուցկու տուփեր և 3 հատ ներարկիչներ, «Սոլպադեին» և «Մետամիզոլ Նատրիա» տեսակի դեղահաբերի թվով 10 դատարկ տուփեր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Նյութի աղբյուրը` shamshyan.com