Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի այս պահին ընկած է խոտածածկ տարածքում։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ։ Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Լոռու մարզի բնակիչ է և չի բացառվում, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն լինի և այն շարունակությունն է ամիսներ առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանությունների։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն էր, իսկ վիրավորը՝ Վահագն Աբգարյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը, իսկ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/09/14/1077329/