Ապրիլյան քառօրյայից հետո շատ է խոսվում ՊՆ-ում կատարվող հափշտակությունների մասին։ Ակնհայտ է, որ հափշտակությունները հիմնականում կատարվում են ՊՆ թիկունքի ստորաբաժանումներից։

ՀՀ Պն թիկունքի վարչության պետը Նորայր Յոլչյանն է՝ Յուրի Խաչատուրովի սիրելին և վերջինիս աջ ձեռքը։ Հատկապես Յոլչյանն է վերահսկում ՊՆ մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները և ապահովում ներքևից վերև հափշտակված գումարները տեղափոխող վերելակի անխափան աշխատանքը։
Հավանաբար, հենց այս գործունեության արդյունքում է Յոլչյանի մոտ սեր առաջացել դեպի վերելակները, հասկացել է, հավանաբար, որ եթե ուզում ես հանգիստ ապրել, ապա դեպի վերև գնացող վերելակը պիտի գործի անխափան։

Հենց սա է եղել պատճառը, որ համեստ աշխատավարձով ապրող ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը տնտեսած գումարներով (ո՛չ կերել է, ո՛չ խմել) մի կերպ Հյուսիսային պողոտայում 750 ք/մ բնակարան 3.5 միլիոն դոլարով գնելուց հետո, երբ պարզել է, որ վերելակն իր հարկ նախագծով չի բարձրանում, ընկել է դեպրեսիայի մեջ։
Նա հասկացել է, որ վերելակի կիսատ բարձրանալը փաստացի կտրում է ներքևներից դեպի վերևներ տրամաբանական և պարտադիր կապը, և եթե կապը չվերականգնվի, ապա այդ պարագայում քաոսը կլինի անխուսափելի։

Այդ իսկ պատճառով մեր հերոսը նորից իր աշխատավարձից տնտեսած միջոցներով վճարել է կառուցապատողին 60.000 ԱՄՆ դոլար, որպեսզի վերելակը ներքևից բարձրանա մինչև վերև։ Կառուցապատողն էլ սիրով համաձայնվել է ՊՆ թիկունքի վարչության հաշվին ապահովել ներքևից մինչև վերև անխափան կապը։

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու Քառօրյա պատերազմի ժամանակ տանկերի մեջ վառելիք չկար, կապի միջոցներ չկային և այլն։ Այս գաղտնիքն էլ բացահայտվեց․ ՊՆ թիկունքի վարչության պետն այդ գումարներով ապահովել է ներքևից վերև գործող վերելակի անխափան գործունեությունը։

Նկարում ՝ վերևից ՊՆ (չկերած, չխմած և աշխատավարձը տնտեսած) թիկունքի վարչության պետ Յոլչյանն է,
ներքևում՝ 60.000 ԱՄՆ դոլար արժողությամբ վերելակը։