Սպանվածը վիրավորում ստացածի թիկնապահն է՝ Կակուլը․

Այսօր Թուֆենկյան հյուրանոցի առաջ տեղի ունեցած սպանությունը հին պատմություն ունի եւ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վենդետայի հետեւանք է։ Վենդետայի ծայրերում կանգնած են 2 խմբավորումներ։ Դեռ այս տարի հունիսի 13-ին Ալավերդիում հերթական սպանությունը տեղի ունեցավ։ Այս արյունալի դեպքերը երկար տարիների պատմություն ունեն։ Երկու ընտանիքներ հերթով իրար սպանում են՝ մեկը մյուսից վրեժ լուծելով։ Հունիսի 13-ին սպանվածը երեք մանկահասակ երեխաների հայր էր՝ 30-ամյա Կամո Փիրուզյանը։

Նրա վրա կրակել էին Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի դիմաց, հիվանդանոց չհասած՝ մահացել էր։ 2016 թվականի մայիսի 19-ի կեսգիշերին, ըստ քրգործով հարուցված մեղադրանքի, Կամո Փիրուզյանի եղբայր Վարդան Փիրուզյանը կրակելով սպանել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանին եւ Երեւան քաղաքի բնակիչ Էդուարդ Պողոսյանին։ Ըստ տեղեկությունների՝ ի սկզբանե հարձակվել են Վարդան Փիրուզյանի վրա՝ նրան սպանելու համար, սակայն վերջինս կարողացել է խլել զենքն ու ինքն էլ կրակելով սպանել վերոնշյալ անձանց։

Ավագյանն ու Պողոսյանն Ալավերդիում հայտնի էին որպես քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի թիկնապահներ։ Աբգարյանն անցյալ տարվա հունիսի 7-ի ընտրություններում աշխատում էր գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի կողմից։
Վարդան Փիրուզյանն էլ Փարեմուզյանի մրցակից թեկնածու Արթուր Աբգարյանի կողմնակիցն ու մանկության ընկերն էր։ 2015-ի հոկտեմբերի 11-ին էլ նույն Վարդան Փիրուզյանն Ախթալայի կամրջի վրա կրակոցներ էր արձակել Վահագն Աբգարյանի զրահապատ Hummer մակնիշի ամենագնացի ու նրան ուղեկցող Nissan Teana ավտոմեքենայի վրա։ Դրանից օրեր առաջ էլ Վահագն Աբգարյանը Վարդան Փիրուզյանին էր դաժանաբար ծեծել իր իսկ շքամուտքում։

Մեր տեղեկություններով՝ այսօր էլ հրազենային վիրավորում ստացածը Վահագն Աբգարյանն է, որին տարիներ շարունակ ցանկացել են սպանել, բայց չի ստացվել, իսկ սպանվածը նրա թիկնապահն է՝ Կակուլ մականվամբ։

Նյութի աղբյուրը ` hraparak.am