Hraparak.am _ ը գրում է ՝

Ուզում եմ դիմել ձեզ, որպեսզի պարզաբանեմ գոնե ինձ համար ճակատագրական մի հարց․ եթե ես դատապարտյալ եմ եւ անցնում եմ ուղղման գործընթաց, բնականաբար, այդ գործընթացը պետք է նպատակաուղղված լինի դատապարտյալիս հասարակություն վերադարձնելուն:

Ինչ խոսք, գործընթացը երկար է ու բարդ եւ, միանշանակ՝ աշխատատար։ Իմ պատկերացմամբ՝ այս գործընթացում ընդգրկված են ոչ միայն դատապարտյալները, այլ նաեւ համապատասխան մասնագետները, որոնք չեն թողնում, որ ուղղման գործընթացը լինի ինքնանպատակ: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է հատկապես իմ կարգավիճակի դատապարտյալներին, այսինքն` ցմահներին, որոնք, ի տարբերություն մյուս դատապարտյալների, չունեն այն հույսը եւ համոզվածությունը, որ իրենց նախատեսված պատիժը կրելուց հետո անպայման կազատվեն:

Այս պահի դրությամբ ես կանգնած եմ մի մեծ դիլեմայի առաջ, այսինքն՝ նման դատապարտյալների հարցը, ի վերջո, ո՞ր հարթության մեջ է՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական: Եթե իրավական է, ապա ինչո՞ւ չկա նախադեպային գոնե մեկ դեպք, որը հույսի լույս կսփռի այս հարցում: Չէի ցանկանա բոլոր ցմահ դատապարտյալներին հավասարեցնել, չնայած որ իրենց կարգավիճակով նրանք բոլորը հավասար են, մասնավորապես՝ չմոռանանք, որ կան նաեւ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալներ: Կա դատավճիռ, եւ դրանով ամեն բան ասված է:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր մնաց ուղղման գործընթացը, ինչի՞ն է դա ուղղված: Եթե անկեղծ լինեմ գոնե ինքս ինձ հետ, ապա ինձ համար բավականին բարդ է, եթե չասեմ՝ ընդհանրապես լուծում գտնել ինքս ինձ համար: Կուզեի բարձրացնել հռետորական հարց՝ ո՞ր կառույցն է լիազորված՝ լուծում տալու այս ճակատագրական հարցին… Համոզված եմ, որ երկրի նախագահը, հատկապես, ըստ նոր Սահմանադրության՝ վերջին նախագահը, բավարար ուժ ունի վերջնական լուծում տալու այս խնդրահարույց հարցին: