Lragir.am _ ը գրում է 

ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակել ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու վաղը կայանալիք հարսանիքի վերաբերյալ: Հարսանիքը տեղի է ունենալու Մոսկվայում, ներկա է լինելու հայկական ողջ «էլիտան»՝ Սերժ Սարգսյանի ու Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ:

Հայկական «էլիտայի» հարսանիքները կազմում են հայկական ներհամակարգային իրողությունների հայելին: Սովորաբար, դրա ներկայացուցիչները իրար հետ կապվում են նաեւ խնամիական, ազգակցական, քավոր-սանիկական կապերով, այդպիսով ամբողջացնելով այդ փակ համակարգը:

Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը, սակայն, նշանավորվելու է մեկ այլ տեսակետից: Սամվել կարապետյանը ներկայում առանցքային տնտեսա-քաղաքական դերակատարում ունի Հայաստանում, տիրապետում է համակարգային առանցքային ոլորտներից մեկի՝ էլեկտրաէներգիայի բաշխման շուկայի մենաշնորհին: Ասում են՝ ատոմակայանն էլ է անցնելու նրա տնօրինմանը:

Տեւական ժամանակ ԶԼՄ-ներում գրվում է ներհամակարգային որոշակի դիմակայության մասին, որի կողմերից մեկը հենց Սամվել Կարապետյանն է՝ իր հովանավորյալ վարչապետով: Նշվում է հին ու նոր ոգիների մրցակցության, վերադասավորումների եւ այլնի մասին: Սակայն հաշվի առնելով հարսանքիների դերն ու նշանակությունը Հայաստանի իշխանության հարցում, ինչպես նաեւ հյուրերի ցանկը, երեւում է իշխանության խնդրի շուրջ համաձայնությունը կայացել է: Կամ էլ, չի եղել նման խնդիր, սակայն դա արձանագրվում է ներկայում:

Եվ մի հետաքրքիր հանգամանք էլ: Այս հարսանիքի վերաբերյալ բոլոր հրապարակումներում նշվում է, որ հարսը՝ Լիլիթը, «հասարակ հայ ընտանիքից է, ծնողները բժիշկներ են»: Հասկանալի է հատուկ եւ հասարակ ընտանիքների «դասակարգման» տրամաբանությունը, բայց գոնե ԶԼՄ-ները թվում է վաղուց պետք է դուրս եկած լինեին այս նախապաշարմունքից: Օրինակ, Հնդկաստանում բժիշկները ամենաբարձր կաստան են համարվում, բիզնեսմենները՝ ամենացածր:
Երջանկություն նորապսակներին: